ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ դեկտեմբերի 4-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման նոր մոտեցումները և ընթացակարգերը, պետական հավաստագրերի հիման վրա հաշմանդամի սայլակ և լսողական սարքեր տրամադրելու գործընթացը, արդյունքները:
Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ հավաստագրերի տրամադրման գործընթացին հաջորդել է մրցակցային միջավայրի ձևավորումը: «9 կազմակերպություն արդեն որակավորվել են որպես ծառայություն մատուցող կազմակերպություն, ինչը նշանակում է, որ քաղաքացին իր հավաստագրով կարող է այցելել նշված ծառայություն մատուցող կազմակերպություններից որևէ մեկը, ձեռք բերել իր կարիքներին համապատասխան պարագաներ»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով` մինչ փոփոխությունները, գնումների գործընթաց կազմակերպելով հնարավոր չէր տարվա ընթացքում բոլոր այդպիսի կարիք ունեցողներին բավարարել իրենց համար անհրաժեշտ և համապատասխան տեսակներով։ «Պատճառները շատ պարզ էին՝ սահմանափակ էր տրամադրվող պարագաների թվաքանակը և դրանց՝ որևէ տեսակի սպառման դեպքում քաղաքացին պետք է ստանար այլ պայմաններին համապատասխանող սարք կամ սայլակ, կամ պետք է սպասեր»,– ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ հաշմանդամություն ունեցող անձը, եթե ավելի ցածր գնով կարողանա ձեռք բերել սայլակ, ապա կան բազմաթիվ օժանդակ պարագաներ, որոնք կտրվեն քաղաքացուն պարագայի գնումից հետո մնացած գումարի դիմաց:
Դեկտեմբերի 4-ի դրությամբ հավաստագրերով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվել է 125 սայլակ և 202 լսողական սարք:
Բժշկասոցիալական փորձաքննության նոր մոտեցումների հետ կապված նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ կատարվում են որոշ փոփոխություններ՝ բժշկասոցիալական փորձաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և մի շարք այլ կետերով:
Ըստ փոխնախարարի՝ փոփոխությունների արդյունքում անձի առողջության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային առողջապահության համակարգից, քանի որ, էստ էության, վերացվում է թղթային տեղեկատվության փոխանակությունը:
Հաջորդ նորամուծությունը, Սմբատ Սաիյանի խոսքով, անձի առողջական վիճակի օգտաքարտի ինստիտուտի ներդրումն է, որում առկա է համապարփակ տեղեկատվություն այդ անձի առողջական վիճակի վերաբերյալ, ինչը ենթադրում է, որ անձն այլևս ստիպված չի լինի փաստաթղթերի մեծ տրցակ հավաքել: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականին:
Ինչ վերաբերում է հաշմանդամության երրորդ խմբի վերացման մասին լուրերին, նախարարի տեղակալը նշել է, որ նման փոփոխություն նախատեսված չէ:
Նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «DEAFSKILLS» միջազգային ասոցիացիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն ուղղված է լսողական խնդիրներ ունեցող անձանց շրջանում մասնագիտական կրթության ծրագրերի գրավչության բարձրացման, նրանց մասնագիտական անկախության ձգտումը խթանելուն, մասնագիտական հմտությունները զարգացնելուն:
«Քննարկելով համագործակցության հնարավոր արդյունքները, մեր երկրում լսողության խնդիր ունեցող անձանց առավել լավ ծառայություններ մատուցելու, նրանց հասարակություն ինտեգրելու տեսանկյունից գնահատել ենք, որ համագործակցությունը պետք է կայացնել։ Սա լրացուցիչ հարթակ ու հնարավորություն է, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծվեն հասարակության լիարժեք կյանքին ներգրավվելու պայմաններ։ Առաջին հերթին ուշադրություն կդարձվի զբաղվածությանը»,- ասել է Արտեմ Ասատրյանը:
Նիստի ավարտին Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի կողմից «Հավասար հնարավորություններ» խորագրով մրցույթի հաղթողներին տրվել են շնորհակալագրեր: