Կայացել է ազգային մակարդակում աջակցող ցանցի համակարգող խորհրդի հերթական նիստը

0
123

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ դեկտեմբերի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կայացել է ազգային մակարդակում աջակցող ցանցի համակարգող խորհրդի հերթական նիստը:

Նիստի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրել է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ:

Կարևորելով սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը ՀՀ-ում՝ Աստղիկ Մինասյանը տեղեկացրել է նաև, որ «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը լրամշակվել է հանրային քննարկման ժամանակ ներկայացված առաջարկություններով, առաջիկայում կդրվի պաշտոնական շրջանառության մեջ:

Այնուհետև, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզան Զաքարյանը ներկայացրել է տեղեկատվություն 2017թ.-ի ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի և այդ ծրագրերում ընդգրկված շահառուների թվի վերաբերյալ:

Նիստի ավարտին ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին ակտիվ մասնակցելու, սոցիալական դեպքի վարման գործընթացում մասնագիտական բարձր պատրաստվածություն, նախաձեռնողականություն և ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու համար սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների 5 սոցիալական դեպք վարողներ պարգևատրվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի շնորհակալագրով և հուշանվերով:

Նիստին մասնակցում էին ազգային մակարդակում աջակցող ցանցի համակարգող խորհրդի անդամները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: