Նոր Նորք վարչական շրջանում հունվարի 19-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական համագործակցության կարգի ու ձևերի, առկա խնդիրների վերաբերյալ:
Քննարկման ընթացքում ներկայացվել է միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը, տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրով սահմանված համագործակցող կողմերի իրավունքներն ու պարտականությունները, համակարգող խորհրդի գործառույթներն ու աշխատանքների կազմակերպման գործընթացը:
Մասնակիցների ակտիվ մասնակցությամբ ինտերակտիվ քննարկումներ են անցկացվել սոցիալական դեպքի վարման շրջանակներում առկա խնդիրների և միջամտության լուծումների վերաբերյալ:
Առանձին տեսակետներով հանդես են եկել ոլորտում ակտիվ պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ:
Քննարկմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների, վարչական շրջանի տարածքում և նրանից դուրս գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Երևանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժինների ներկայացուցիչներ` շուրջ 50 մասնակից:
Քննարկման ավարտին ԱՀԱԸՀՄ-ի «Շող» երեխաների ցերեկային համայնքահեն կենտրոնի և սոցիալական աջակցության Նոր Նորքի տարածքային բաժնի միջև կնքվել է տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագիր: