Իրականացվել է երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների մասնակցային գնահատում

0
249

Հունվարի 17-19-ին  Ծաղկաձորում տեղի է ունեցել երեխաների  ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասնակցային գնահատում, որին մասնակցել են բարեփոխումների գործընթացում ներգրավված պետական, ոչ պետական, մարզային և միջազգային կառույցներից 68 մասնակից:

Ողջունելով մասնակիցներին՝  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումներն ամենակարևոր գործընթացներից են և աշխատաժողովին ներկայացուցչական մասնակցությունը ևս վկայում է, որ այն մեծ կարևորություն ունի բոլոր շահագրգիռ կողմերի համար։

«Ակնկալում եմ, որ Ծրագրի կողմից առաջարկվող համակարգի բարեփոխումների մշտադիտարկման գործիքը կհամալրի ՀՀ ԱՍՀՆ մշտադիտարկման և գնահատման գործիքների շարքը և ինստիտուցիոնալ ենթակառուցվածք կլինի բոլոր բարեփոխումների ընթացքը գնահատելու համար»,-ասել է նախարարը։

Օգտվելով առիթից՝ նա մասնակիցներին փոխանցել է ՀՀ կառավարության տեսլականը բարեփոխումների ընթացքի վերաբերյալ, այն է՝ յուրաքանչյուր երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, որին հասնելու համար քայլեր են ձեռնարկվում կանխարգելելու երեխաների մուտքը խոշոր հաստատություններ և արդեն հաստատություններում ապրող երեխաների վերամիավորումը ընտանիքների հետ՝ վերակազմավորելով հաստատությունները նոր ծառայությունների, որոնք կօգնեն ընտանիքներին երեխաների խնամքի հարցում։

«Թեև երեխաները խնամքի շուրջօրյա հաստատություններում ապրում են ավելի լավ պայմաններում, քան իրենց ընտանիքներում, ստանում են բավարար սնունդ և հագուստ, այնուամենայնիվ, նրանք չեն ստանում անհատականություն ձևավորող այն արժեքները, որոնք պետք են նրանց կյանքում ինքնադրսևորվելու համար։ Ուստի, հասատությունը պետք է լինի ամենավերջին կանգառը, եթե այլընտրանքային խնամքի բոլոր տարբերակները սպառվել են տվյալ երեխայի համար, իսկ հաստատությունը պետք է լինի առնվազն փոքր տների մոդելով»,-ընդգծել է նախարար Արտեմ Ասատրյանը։

Նախարարի ակնկալիքներն աշխատաժողովի մասնակիցներից անշահախնդիր գնահատումն էր, առկա իրավիճակի և առաջարկությունների ներկայացումը՝ բարեփոխումների ընթացքը կատարելագործելու համար, մասնավորապես՝ ընտանիքների կարիքի գնահատման գործընթացում բոլոր դերակատարների դերերի ու պարտականությունների հստակեցման և ընտանիքներին աջակցող ծառայությունների, կատարված քայլերի արդյունավետության վերաբերյալ։

Գնահատման նպատակն է վերհանել, թե որքանով են երկրում ընթացող բարեփոխումները համահունչ Երեխաների այլընտրանքային խնամքի ՄԱԿ-ի ուղենիշներին:

Գնահատումն իրականացնելու համար մասնակիցները բաժանվել են 5 խմբի, որոնք 3 օրվա ընթացքում քննարկել և համաձայնեցված պատասխաններ են արձանագրել, թե նշված հարցադրումները իրականացման որ փուլում են գտնվում, որոնք են համակարգի ուժեղ և թույլ կողմերը և ինչ քայլեր են առաջնահերթ իրականացվել բարեփոխումներն առավել արդյունավետ կազմակերպելու և ՄԱԿ-ի ուղենիշներին համահունչ դարձնելու համար։

Պլենար նիստերը և գնահատման գործընթացը համակարգում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը, որպես ծրագրի շրջանակում ձևավորված Երկրի հիմնական թիմի համակարգող։

Գնահատմանը ներկա էին նաև MEASUR Evaluation ծրագրից Պալադիում գրուփի ներկայացուցիչներ Զուլֆիյա Չարիևան, Հայաստանի համար պատասխանատուն և Իսմայիլ Դդումբա-Նիանսին՝ Ուգանդայում ծրագրի խորհրդատուն։ Վերջինս մասնակիցներին ներկայացրել է Ուգնադայում իրականացված գնահատման քաղած դասերը և նշել, որ Հայաստանը մեկ քայլ առաջ է այն առումով, որ նախքան գնահատումը կարողացել է փորձարկել և ադապտացնել գործիքը երկրի համատեքստին, ինչը կարևոր է գնահատումն արդյունավետ իրականացնելու համար։ Զուլֆիա Չարիևան նշել է, որ ծրագիրն իրականանում է 4 երկրներում և միայն Հայաստանում է գնահատումն իրականանում այդպես ներկայանալի թվով և կազմով:

Գնահատման արդյունքները ամբողջությամբ կամփոփի MEASUR Evaluation ծրագրի Հայաստանի խորհրդատու Հասմիկ Ղուկասյանը և վերջնական հաշվետվությունը շահագրգիռ կողմերին կներկայացվեն մարտ ամսին։

Ամփոփիչ խոսքում տիկին Հարությունյանը մասնավորապես նշել է, որ գնահատման գործընթացը իր տեսակի մեջ  նաև իրազեկման սեմինար էր  բոլոր մասնակիցների համար, քանի որ քննարկվող հարցերի միջոցով բոլորը տեղեկացան համակարգին առնչվող տարբեր բաղադրիչների իրավիճակի մասին, ծանոթացան միմյանց հետ և ձեռք բերեցին նոր կապեր։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին եռօրյա քննարկումներին ակտիվ ու անկեղծ մասնակցելու համար, հատկապես շեշտելով խմբերի ղեկավարների մեծ ներդրումը գնահատման աշխատանքներն արդյունավետ ավարտելու համար։

«Սա սկիզբն է նոր, մեծ աշխատանքի, որ մեզ սպասում է գնահատման արդյունքներն ամփոփելուց հետո։ Մենք մշակելու ենք միջոցառումների ծրագիր և համապատասխան կարգով ներկայացնելու ենք և՛ ՀՀ կառավարություն և՛ դոնոր կազմակերպություններին, բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու համար։ Իսկ միջոցառումների արդյունավետության գնահատման համար կմշակվեն նաև մշտադիտարկման ցուցանիշներ և տվյալների ստացման մեթոդաբանություն»,-ասել է նախարարի տեղակալը։

Գնահատման գործիքը և մեթոդաբանությունը մշակվել էին  ԱՄՆ ՄԶԳ և Տեղահանված ու ծնողազուրկ երեխաների հիմնադրամի (DCOF) ֆինանսավորմամբ և MEASUR Evaluation ծրագրի կողմից իրականացվող «Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումները մշտադիտարկելու, ուսումնասիրելու և վերհանված խնդիրներին արձագանքելու բնագավառում կառավարության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որի պատասխանատուն «Պալադիում Գրուփ» ընկերությունն է՝ Հյուսիսային  Կորոլինայից։