ԱԺ-ում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և բազմազավակ ընտանիքների մասին օրենքների նախագծերը

0
190

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 22-ին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական  հանձնաժողովի քննարկմանը ներկայացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախարարի վստահեցմամբ՝ ոլորտում ակտիվ  ՀԿ-ների հիմնական առաջարկությունները ներառված են նախագծում: Հանձնաժողովի առաջարկով որոշվել է նախագծի վերաբերյալ լսումներ կազմակերպել:

Հանիդպմանը ներկայացվել է նաև  «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Արտեմ Ասատրյանի խոսքով՝  նախագծով սահմանվում են բազմազավակ ընտանիքներին կարգավիճակ տրամադրելու կարգը, հիմքերը, առաջարկվում է որոշակի աջակցության տեսակներ բազմազավակ ընտանիքներն՝ սոցիալական աջակցություն, բուժօգնություն և սպասարկում, բնակարանով ապահովման պետական աջակցություն, կենցաղային ապրանքի ձեռքբերման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ կամ վարկի սուբսիդավորում, ինքնազբաղվածության ապահովման աջակցություն, երեխաների կրթության աջակցություն:

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի կարծիքով ավելի ընդունելի կլիներ, եթե բազմազավակ ընտանիք համարվեր 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքը, ոչ թե 4, և, ըստ պատգամավորի, գուցե խրախուսվեր երեխա ունենալը   և  ծնելիության աննախադեպ աճ գրանցվեր: Այս առնչությամբ  նախարարը նշել է, որ տարբեր երկրներում տարբեր չափորոշիչներ կան. «Խնդիրն այն է, թե հնարավորություն ունե՞նք 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին նույն ծավալով աջակցել, ինչ նախատեսված է 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հարցին, թե վերջին տարիներին խիստ պակասել է ՀՀ-ում բազմազավակ ընտանիքների թիվը, եղածների 90 տոկոսն էլ աղքատ է, արդյոք օրենքը ընդունելուց մեկ տարի հետո բազմազավակ ընտանիքները կավելանա՞ն և աղքատությունից դո՞ւրս կգան,  ի պատասխան՝  Արտեմ Ասատրյանը նշել է, որ թեև  վիճակագրությունը այդպիսին է, սակայն փոփոխությունները կապել միայն սոցիալական պայմանների հետ ճիշտ չէ: Ըստ նախարարի, օրենքով տարբեր  աջակցություններ  են նախատեսված, որոնք գուցեև խթան հանդիսանան բազմազավակ ընտանիքների ավելացման համար:

Ի թիվս այլ հարցերի՝  ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը բարձրացրել է նաև բազմազավակ մոր ստաժի հետ կապված խնդիրը, մասնավորապես նշելով, որ այդ ընտանիքի մայրը մինչև երեխաների 18 տարեկան դառնալը զբաղված է երեխաներով, ե՞րբ պետք է աշխատի, կամ ինչո՞ւ պետք է նա թոշակի գնա 63 տարեկանում, ի՞նչ կենսաթոշակ պետք է ստանա: «Այս խնդիրը պետք է լուծենք, չենք կարող ստաժի տրամաբանությունը դնել բազմազավակ մոր համար, ինչպես 1 կամ 2 երեխա ունեցողի համար, հավասարության եզր չկա»,-նշել է նա:

Հանձնաժողովը որոշել է նախագիծն ուղարկել լրամշակման և կազմակերպել լսումներ: