Ընտանեկան կապիտալը` որպես բազմազավակ ընտանիքների փրկօղակ

0
375

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստների ծրագիրն իր ներկայիս տեսքով գործում է Հայաստանում արդեն հինգերորդ տարին։ Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, տվյալ ծրագրի նկատմամբ բնակչության հետաքրքրությունն աճում է։ Այսպես, անցյալ տարի Հայաստանում ավելի հաճախ են սկսել երրորդ և հաջորդ երեխաներ ունենալ, իսկ համապատասխան վճարները կազմել են երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար բյուջեից հատկացված ընդհանուր գումարի մոտ 70 տոկոսը։

Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստից ձևավորվում է ընտանեկան կապիտալը։ Այն մասին, թե ինչպես կարելի է ձևակերպել, ստանալ և ծախսել ընտանեկան կապիտալը, քանի ընտանիք է մեր երկրում արդեն օգտվել այդ միջոցներից և շատ այլ հարցերի մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովման վարչության պետ Անահիտ Գալստյանը։

«Նովոստի–Արմենիա». Մեր քաղաքացիներից շատերը ցանկանում են իմանալ, թե ինչպես կարելի է ստանալ ընտանեկան կապիտալ։ Պատմեք, խնդրեմ, երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների ծրագրի, դրա նպատակների, խնդիրների և հնարավորությունների մասին։

Ա.Գալստյան. Հայաստանում ընտանեկան կապիտալը ստանում են երեք և ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներ։ Այդ ծրագրի գլխավոր նպատակը երկրում ծնելիությունը խթանելն է։ Դրան են ուղղված համալիր միջոցառումները, որոնք մենք փուլ առ փուլ իրականացնում ենք։ Ընտանեկան կապիտալը որպես երևույթ մեր օրենսդրությունում ներդրվել է 2014 թվականի հունվարի 1–ից, թեև երեխայի ծննդյան միանվագ նպաստ գոյություն է ունեցել նաև մինչ այդ։ Դրա չափը կախված է եղել, թե որերորդ երեխան է ծնվել։ Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան նպաստի մեծությունը կազմում էր 430 հազար դրամ։

Սակայն 2014 թվականի հունվարի 1–ից էապես փոխվեց նպաստի չափը, դրա տեսքն ու պարունակությունը։ Այժմ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազարական դրամ, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան համար` 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար` 1.5 մլն դրամ։ Եթե նախկինում նպաստի գումարը ծնողներին էր վճարվում, և նրանք ըստ հայեցողության էին այն տնօրինում, ապա այժմ նպաստի գումարը կիսվում է երկու մասի, դրանցից մեկը տրվում է ծնողներին, և նրանք, առաջվա պես, տնօրինում են այն, իսկ երկրորդ մասը փոխանցվում է երեխայի անունով բացված հատուկ բանկային հաշվին (պետական աջակցության հաշիվ)։

Օրինակ, երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում 500 հազար դրամը, այսինքն, նպաստի 50 տոկոսը, տրվում է ծնողներին, իսկ մյուս 500 հազարը փոխանցվում է պետական աջակցության հաշվին` դառնալով ընտանեկան կապիտալ։ Հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 1.5 մլն դրամից 500 հազարը տրվում է ծնողներին, իսկ երեխայի անունով բացված պետական աջակցության հաշվին փոխանցվում է 1 մլն դրամ որպես ընտանեկան կապիտալ։ Միաժամանակ հստակ նշվում է, թե կոնկրետ ինչ ծախսեր կարող են կատարել ծնողներն ընտանեկան կապիտալից։

«Նովոստի–Արմենիա». Ինչպիսի՞ն է ընտանեկան կապիտալ ստանալու կարգը, եթե երեխան ծնվել է Հայաստանից դուրս։

Ա. Գալստյան. Միանվագ նպաստը վճարվում է նաև այն դեպքում, եթե երեխան ծնվել է Հայաստանից դուրս` որևէ այլ երկրում։ Սակայն միայն այն դեպքում, եթե ծնողները ներկայացնեն փաստաթղթեր այն մասին, որ երեխան այդ երկրում չի ստացել որևէ նպաստ։ Ընտանեկան կապիտալ ստանալու համար կարող է դիմել երեխայի օրինական ներկայացուցիչը` ծնողը, խնամակալը կամ որդեգրողը։

«Նովոստի–Արմենիա». Ինչպե՞ս կարելի է ձևակերպել և ստանալ ընտանեկան կապիտալը։

Ա. Գալստյան. Հարկավոր է ունենալ բոլոր պահանջվող փաստաթղթերը։ Հիմա հնարավոր է նպաստի համար դիմել նաև համացանցով, քանի որ Հայաստանում արդեն մեկ տարուց ավել գործում է երեխայի միանվագ նպաստը ստանալու դիմումի ձևակերպման էլեկտրոնային, առցանց համակարգը (ssss.am կամ epension.am)։ Նաև կարելի է դիմել Սոցիալական ապահովության պետական ծառայության ցանկացած մոտակա տարածքային բաժին։

Անհրաժեշտ է ներկայացնել դիմումատուի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր), երեխայի ծննդյան վկայականը, սոցիալական քարտը, ամուսնության վկայականը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հայրության վկայականը։ Կախված իրավիճակից` հնարավոր է անհրաժեշտ լինեն որոշ լրացուցիչ փաստաթղթեր։ Օրինակ, եթե ձևակերպվում է նպաստ երրորդ երեխայի կամ հաջորդ երեխայի համար, հարկավոր է ներկայացնել նաև ավագ երեխաների ծննդյան վկայականները։

«Նովոստի–Արմենիա». Որևէ աշխատանք ընթանու՞մ է միանվագ նպաստ ստանալու ընթացակարգի դյուրացման ուղղությամբ։

Ա. Գալստյան. Նման աշխատանք տարվում է։ Մասնավորապես, եթե հայտատուի մասին ինչ–որ տվյալներ կարելի է ստանալ այլ պետական կազմակերպությունների բազաներից, ապա մենք դրանք արդեն չենք պահանջում հայտատուից։ Նաև աշխատանք է ընթանում պետական աջակցության հաշիվների սպասարկման կատարելագործման ուղղությամբ։ Միգուցե դա այնքան էլ ակնհայտ չէ հայտատուի համար, սակայն դրանով ավելանում է բանկում հայտատուի ընտանեկան կապիտալի սպասարկման հուսալիությունը։

«Նովոստի–Արմենիա». Ինչպե՞ս կարելի է տնօրինել ընտանեկան կապիտալը։

Ա. Գալստյան. Առաջին տարբերակ: Ծնողները կարող են մոռանալ այդ գումարի մասին, և այն մնում է պետական աջակցության բանկային հաշվի վրա` որպես ավանդ: Ընդ որում, ըստ կառավարության որոշման, բանկը պարտավորվում է փոխանցել այս հաշվին նվազագույն տոկոսադրույքը, որը չի կարող ավելի ցածր լինել, քան տվյալ բանկի կողմից տրամադրվող ֆիզիկական անձանց ավանդների տոկոսադրույքի չափը: Պետք է նշել, որ ծնողները կարող են փոխել բանկը, եթե նրանց չի գոհացնում տոկոսադրույքի չափը, այսինքն, կիրառվում է ընտանեկան կապիտալի կառավարման ճկուն համակարգ: Եթե այս կապիտալը մնա բանկում մինչև երեխայի 18 տարեկանը, ապա այս տարիների ընթացքում ավանդի գումարը կարող է աճել մի քանի անգամ: Դառնալով չափահաս` երեխան ինքնուրույն կկարողանա ստանալ այդ գումարը, որը պետության կողմից ինքնատիպ նվեր է` ուսման վարձը փակելու, բնակարան գնելու կամ ուրիշ նպատակների համար:

Երկրորդ տարբերակ: Ծնողներն իրավունք ունեն օգտագործել ընտանեկան կապիտալը խոշոր ընտանեկան խնդիրները լուծելու համար, օրինակ, խոշոր հիփոթեքային վարկը փակելու (ինչպես հիմնական գումարը, այնպես էլ տոկոսները), մեծ երեխաների ուսման վարձը փակելու համար, բնակարանի ձեռքբերման գյուղական կամ սահմանամերձ շրջաններում, որտեղ չկա հիփոթեք, կամ սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի մարման համար:

«Նովոստի Արմենիա». Կարո՞ղ եք նշել` քանի՞ ընտանիք և ի՞նչ ծավալով են 2017 թ.-ին ստացել ընտանեկան կապիտալ։

Ա. Գալստյան. Առաջին թիվը շատ մոտ է նորածինների թվին` գրեթե 40 հազար: Որոշ տարբերություններ հնարավոր են, քանի որ երեխայի նպաստը ստանալու համար կարելի է դիմել նրա ծնված օրվանից մեկ տարվա ընթացքում: Այդ իսկ պատճառով 2017 թվականին որոշ ընտանիքներ կարող էին ստանալ 2016 թ.-ին ծնված երեխաների նպաստները: Ինչ վերաբերում է վճարված միանվագ նպաստների ընդհանուր թվին, ապա կարող եմ ասել, որ 2016 թ.-ին վճարվել է 10 մլրդ դրամ: Կարծում եմ, որ 2017 թ.-ին այս նույն նպատակների համար ծախսվել է մոտավորապես նույն գումարը:

«Նովոստի Արմենիա». Որքա՞ն գումար է նախատեսված 2018 թ.-ի միանվագ նպաստների վճարման համար։

Ա. Գալստյան. Այս տարի միանվագ նպաստների վճարման համար պետբյուջեում նախատեսված է 10 մլրդ դրամ:

«Նովոստի Արմենիա». Որքա՞ն երկար է գործելու այս ծրագիրը։

Ա. Գալստյան. Ծրագիրը չի սահմանափակվում կոնկրետ ժամկետներով: Ընդհանուր առմամբ, ժողովրդագրական ուղղվածություն ունեցող ծրագրերն արագ արդյունք չեն տալիս, դրա համար պետք է ինչ-որ ժամանակ անցնի: Բացի դրանից, ժողովրդագրական խնդիր լուծելու համար բավական չէ մեկ նպաստ, այստեղ անհրաժեշտ է համալիր մոտեցում: Օրինակ, հղիության ժամանակ մայրական նպաստների վճարում ոչ միայն աշխատող, այլ նաև չաշխատող կանանց, զբաղվածության խթանում, պետության կողմից այլ արդիական հարցերի լուծում: Այս բոլոր հարցերի համալիր լուծումն ընտանիքներին վստահություն կտա իրենց երեխաների ապագայի հարցում: