Փոխնախարար. Աղքատ ու ծայրահեղ աղքատ շատ ընտանիքներ նպաստառուների համակարգում ընդգրկված չեն

0
253

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջին անգամ մոնիտորինգ ու գնահատում  է իրականացնում՝ նպաստների ոլորտում  ռիսկերի, խնդրահարույց կողմերի բացահայտման համար: Ընտանեկան նպաստների ոչ հասցեական տրամադրման մասին նախարարությունն ահազանգեր է ստանում,  դրանց հետքերով գնում, երբեմն հետգանձումներ են արվում: Ոստիկանության երեկվա հրապարակումն  էլ ապացուցում է, որ ոլորտում կոռուպցիա կա, անելիքներն էլ շատ են:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասում է՝  կատարված բոլոր փոփոխությունների, այդ թվում անցած տարվա օգոստոսին կատարված, հիմքում  հասցեականության բարձրացումն է: Համաշխարհային բանկի մասնագետները ոլորտում հասցեականությունը գնահատում են 75-77 տոկոս, նախարարությունում նպատակ են դրել հասնել 90-ի:

Պետական բյուջեից 2017թ.-ին նպաստների համար նախատեսված է եղել 39 մլրդ 498 մլն դրամ 104 հազար 685 ընտանիքի համար: 2017թ.-ի համար ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը փաստացի կազմել է 100 հազար 975, այսինքն ավելի քիչ, քան նախատեսված էր բյուջեով: Եվս 5 322 ընտանիք ստացել է եռամսյակային հրատապ օգնություն:

Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թվի նվազումը փոխնախարարը պայմանավորում է անապահովության գնահատման համակարգում կատարված փոփոխություններով: «Դրանք մենք ամեն տարի իրականացնում ենք՝ կապված հասցեականության բարձրացման, սոցիալական ապահովության գնահատման քաղաքականության փոփոխության հետ: Վերջին փոփոխությունների ժամանակ մենք մի քանի շեշտադրումներ արեցինք այդ քաղաքականության մեջ»,-պարզաբանում է պաշտոնյան:

Փոփոխություններով գործակիցներ են վերախմբագրվել, որպեսզի տնտեսապես ակտիվ խմբերին մոտիվացնեն դեպի աշխատանք: Նախարարությունում կողմ են, որ աշխատունակ անձինք կարողանան իրենց աշխատանքով վաստակել ու իրենց կարիքները հոգալ: «Պատահում է, որ մարդիկ երկար ժամանակ օգտվելով ընտանեկան նպաստից, կարծես ցանկություն չունեն աշխատաշուկա մուտք գործել, ցանկանում են ավելի հեշտ ճանապարհով փող վաստակել: Հիմա հետազոտություն ու վերլուծություն է իրականացվում նրանց թիվը պարզելու համար»,-ներկայացնում է փոխնախարարը:

Նա հավատացնում է, որ նպաստի կրկնապատիկի չափ աշխատավարձով գործից հրաժարվողներ են եղել: Պատճառաբանել են, որ ճանապարհածախսից հետո իրենց նույնքան գումար է մնալու, որքան նպաստն է: Նման դեպքերից խուսափելու, աշխատունակ քաղաքացուն աշխատաշուկա վերադարձնելու ու այնտեղ պահելու համար նախարարությունը ցածր աշխատավարձ ստացող նպաստառու ընտանիքների գործակցի շեմն է բաձրացրել, սահմանել 17՝ նախկին 15-ի փոխարեն, որպեսզի նրանք դուրս չմնան համակարգից: Իսկ նպաստառու այն ընտանիքների  համար, որոնց անդամները  աշխատանք փնտրելու համար չեն հաշվառվել, գործակիցը սահմանվել է 15:

«Մենք փորձել ենք մոտիվացիոն դաշտ ստեղծել: Բացի այդ, այս փոփոխությունները կապում ենք զբաղվածության ծառայությունների ու ծրագրերի հետ, որտեղ կգնահատեն մարդու կարիքները և նրան համապատասխան աշխատանք  կառաջարկեն»,- մանրամասնում է Ա. Պետրոսյանը:

Դրանց հետևանքով մոտ 4 հազար ընտանիք դուրս է մնացել նպաստառուների համակարգից, սակայն երեխա ունեցող ընտանիքների համար էլ են գործակից սահմանել, հաշվի առնելով, որ Հայաստանում մանկական աղքատությունը բարձր ցուցանիշներ ունի: Երեխա խնամող մայրերին էլ դիտարկել են հանրօգուտ աշխատանք կատարողներ ու նրանց համար սահմանել 17 գործակիցը: Եվս մեկ փոփոխություն էլ կատարվել է չափահաս դարձած մինչև 19 տարեկան քաղաքացիների համար:

«Ընտանիքը նպաստ է ստանում, եթե տանը կա անչափահաս երեխա: Հենց երեխայի 18 տարին լրանում է, ընտանիքը միանգամից զրկվում է նպաստի իրավունքից, մինչդեռ չափահաս դարձած քաղաքացին չի հասցրել ադապտացվել աշխատաշուկային: Արդարացի դժգոհություններ էին լինում: Հիմա մենք մեկ տարի ժամանակ ենք տալիս քաղաքացուն աշխատաշուկայում ինտեգրվելու համար»,- մանրամասնում է նախարարի տեղակալը:

Նախարարությանում գիտեն ու ցավալի խնդիր են համարում այն, որ շատ աղքատ, նույնիսկ ծայրահեղ աղքատ ընտանիքներ ընդգրկված չեն նպաստառուների թվում: «Նրանք մեր պոտենցիալ շահառուներն են, այս տարիների ընթացքում մենք նրանց հետ նպատակային աշխատանքներ ենք իրականացնում, իրազեկման, սոցիալական աշխատողների միջոցով փորձում ենք նրանց տեղեկացնել մեր ծրագրերի մասին, նրանց մի մասը սոցիալիզացիայի խնդիր ունի, որովհետև նույնիսկ չգիտեն, որտե՞ղ կարելի է դիմել, ո՞նց պետք է դիմել, նրանց պետք է այս ամենը ցույց տալ, բացատրել»,- ասում է նա:

Աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Հայաստանում երբ ֆինանսական ռեսուրսները սահմանափակ են, շահառուների թիվը՝ մեծ, դրանք պետք է կարողանալ հասցնել առավել կարիքավորներին: Հիմա նախարարությունը համագործակցելու է նաև վարկային բյուրոյի ու բանկերի հետ՝ ստանալու քաղաքացիների վարկային պատմության, ավանդների առակայության մասին օրենքով չարգելված տվյալներ: Դրանց հիման վրա ընտանիքի կարիքի գնահատում է արվելու, ինչի հիման վրա էլ որոշում է կայացվելու:

«Ընդհանրապես ծառայության արդյունավետ ու հասցեական մատուցման թիվ մեկ պայմանն օբյեկտիվ տեղեկատվությունն է: Այդ պատճառով այս պահին մեր հիմնական խնդիրը հարակից բազանների նույնականացումն է»,- ասում է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ամեն երրորդ ընտանիք աղքատ է: Մեկ տարի առաջ հետազոտության տվյալները ցույց են տվել, որ «նպաստների համակարգից դուրս են մնացել ծայրահեղ աղքատների կեսից ավելին, իսկ նպաստառուների գրեթե 44 տոկոսն աղքատ չեն»: