Քննարկվել են երեխաների պաշտպանության ոլորտին վերաբերող ծրագրեր

0
107

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մարտի 19-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային:

Հանդիպման ընթացքում տիկին Ռադոչայը ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող ընթացիկ նախագծերը, ինչպես նաև ծրագրեր, որոնք նախատեսվում է իրականացնել 2018 թվականի ընթացքում՝ միաժամանակ ծրագրերի արդյունավետ իրականացման գործում կարևորելով համագործակցությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:

Քննարկվել է նաև երեխաների շուրօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպումը: Այս կապակցությամբ նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է վերակազմակերպված հաստատությունների գործունեության ընթացքում ի հայտ եկող խնդիրները և դրանց լուծման ուղղությունները՝ միևնույն ժամանակ խոսելով ընթացիկ գործընթացների և նոր նախաձեռնությունների մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը մեկ անգամ ևս ընդգծել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև համագործակցության արդյունավետությունը և այն շարունակելու հետագա պատրաստակամությունը: