Մարտի 22-ին տեղի է ունեցել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի խոսքով հաշմանդամություն ունեցողների համար մատչելի ﬕջավայր ապահովելու համար ՀՀ կառավարությունը քայլ առ քայլ գնում է նախանշված ճանապարհով:
««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը երկու հիմնական դրույթ ունի, որոնք միտված են լինելու օրենքի կիրարկմանը՝ համալիր և տարեկան ծրագրերի գաղափարը»,-նշել է նախարարի տեղակալը:
Ըստ պաշտոնյայի՝ համալիր ծրագիրը մշակվելու է հնգամյա ժամանակահատվածի համար և հանդիսանալու է սոցպաշտպանության ու սոցներառման ուղղությամբ առաջիկա տարիներին կատարվելիք ծրագրերի համախումբ, և պետք է սահմանի այն նպատակները, որոնք դրված են սոցներառման քաղաքականության շրջանակներում, միաժամանակ պետք է սահմանվեն այն միջոցառումները, որոնք միտված են՝ հնարավորինս ապահովելու այդ սոցներառումը:
Սաիյանի խոսքով՝ որևէ փայլուն գրված ծրագիր դեռևս գրավական չէ, որ այն կյանքի է կոչվելու, դրա համար անհրաժեշտ են քայլեր, որ լինի ոչ թե ինքնանպատակ ծրագիր, այլ ծրագիր, որը կյանքի է կոչվելու:
Մյուս կարևորագույն ինստիտուտն, ըստ Սաիյանի, տարեկան ծրագրի գաղափարն է, որ ամեն տարի բյուջեով ներկայացվում է ԱԺ. այն միտված է լինելու համալիր ծրագրի իրականացմանը, այսինքն՝ այդ ծրագրի գործիքներից մեկն է, որտեղ ամրագրված են լինելու ֆինանսավորման աղբյուրները, միջոցառումները, որ արվել են բյուջեի հաշվին, դոնոր կազմակերպությունների հաշվին և այլն: Փոխնախարարը նշեց, որ սրանք հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ իրականացվող միջոցառումների կամ այդ երկու ծրագրերի մշտադիտարկման ընթացակարգերն ու կառուցակարգերն են, որոնք առաջարկում են:
Նա տեղեկացրել է նաև՝ օրենքով ամրագրված է, որ ՄԻՊ-ին է վերապահվում ծրագրի նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու մեխանիզմը, ընդ որում՝ ՄԻՊ-ը դրան մասնակից է դարձնելու այն բոլոր կազմակերպություններին, որոնք ներկայացնում են ծահառուների շահերը:
«Վստահեցնում եմ՝ ՀՀ կառավարությունը հանձնառու է և իր պատրաստակամությունն է հայտնում հնարավորինս աջակցել, նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման խնդիրների լուծմանը: Դա բավական թանկարժեք գործընթաց է, այդ են վկայում մեր բոլոր քննարկումները միջազգային գործընկերների հետ, բայց մենք նաև ունենք այն վստահությունը, որ հնարավոր է առկա միջոցների թիրախային կիրառման շնորհիվ քայլ առ քայլ գնալ նախանշված ճանապարհով և ունենալ հաշմանդամություն ունեցողների համար մատչելի միջավայր»,- շեշտել է նախարարի տեղակալը:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների գծով փաստաբան Ջոն Վոդաչը նշել է, որ օրենքն այս տեսքով համակողմանի և լավ ներկայացնում է՝ որոնք են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ինչպիսին պետք է լինեն դրանք: Նա համոզմունք է հայտնել՝ սա օրենք է, որից կշահեն ՀՀ բոլոր քաղաքացիները, ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդիկ, այլև ողջ երկիրը, այն հնարավորություն կտա օգտագործել մինչ այժմ չօգտագործված մարդկային ռեսուրսները և կնպաստի երիտասարդների ներուժի օգտագործմանը: Վոդաչն ընդգծել է նաև՝ կարելի է այնպես անել, որ դա չստեղծի ֆինանսական կամ այլ լրացուցիչ բեռ:
«Եթե դուք լայն դուռ եք կառուցում, անպայման չէ, որ այն ավելի թանկ արժենա, քան նեղ դուռը, սա նշանակում է՝ միանգամից լայն դուք կառուցելով՝ դա անում եք ծախսարդյունավետ ձևով: Երբ արդեն ունեք չափորոշիչները, պետք է ապահովեք, որ ճարտարապետները, շինարարները, նախագծողները հասկանան օրենքը և նրա պահանջները, դա ենթադրում է նաև համապատասխան ուսուցում»,– ասել նա:
Վոդաչի խոսքով՝ ՀԿ-ներն ունեն պատասխաատվություն, բայց անհրաժեշտ է՝ համապատասխան մարմինը, որ յուրաքանչյուր շենքի շահագործման ակտն է ստորագրում, համոզվի՝ շենքը մատչելի է, հակառակ դեպքում պետք է թույլ չտա, որ այն շահագործվի:
Վոդաչը հույս է հայտնել, Հայաստանում կապահովվի օրենքի արդյունավետ կիրարկումը
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է, որ Հայաստանի կառավարությունը, հաշմանդամություն ունեցող անձանց համար օրինագիծ պատրաստելով շատ լուրջ քայլ է կատարել:
«Օրենքը ոչ միայն արտացոլում է միջազգային հանձնառություններն ու պարտականությունները, որոնք ստանձնել է Հայաստանը, այլ նաև արտացոլում է արժեքների ընդհանրացումը: Այս օրենքը մարմնավորումն է եվրոպական արժեքների: Եվրամիության հիմքում ընկած արժեքներից մեկն այն է, որ չի կարող որևէ երկրորդ կարգի քաղաքացի մեր հասարակությունում խտրականության ենթարկվել: Այս պարզ սկզբունքը արտացոլված է մեր իրավունքների խարտիայում, որը պարունակում է շատ հստակ դրույթներ խտրականության արգելքի մասին»,- նշել դեսպանը:
«Կառավարության մեր գործընկերների հետ երեկ քննարկել էինք մարդու իրավունքների բյուջետային աջակցության գործիքների կիրառումը, որոնք ուղղված են կոնկրետ ծրագրերի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հատուկ կարիքներին, և մենք խրախուսում ենք մեր գործընկերներին օգտագործել այդ գործիքները,- ասել է նա՝ հավելելով, որ հատուկ կարիք ունեցողներն ունեն իրավունք արժանանալու հավասար վերաբերմունքի և հավասար դերակատարության և դերի ցանկացած ոլորտու: «Ես ուզում եմ, որ բոլորս բաց լինենք հատուկ կարիքներով անձանց համար: Մենք պատրաստ ենք աջակցել այս շատ ազնիվ նպատակին, որն ամբողջ հասարակության ջանքը պիտի լինի»,-ընդգծել է Պյոտր Սվիտալսկին:
Քննարկմանը ներկա էին պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 200.000 մարդ: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի նպատակն է ապահովել բարենպաստ պայմաններ, որպեսզի ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձինք, այլ անձանց հետ համահավասար հիմունքներով իրականացնեն իրենց բոլոր իրավունքներն ու ազատությունները, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ և ﬕջազգային պայմանագրերով: