ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ մարտի 30-ին կայացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ներկայացրել է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բարեփոխումները, գործող ընթացակարգն ու առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայություններն ու սոցիալական երաշխիքները, որոշման բողոքարկման մեխանիզմները, փորձաքննության ընթացքը տեսաձայնագրելու հնարավորությունները, հաշմանդամության սահմանման նոր չափորոշիչներն ու դասակարգիչները, անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու պայմաններն ու կարգը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների նոր կազմավորման չափանիշները:
Ներկայացնելով բարեփոխումների կարևորությունն ու ընթացքը նախարարի տեղակալը ընդգծել է, որ իրականացվող գործընթացները միտված են բժշկասոցիալական փորձաքննության օբյեկտիվության մակարդակի բարելավմանը, հաշմանդամության սահմանման չափորոշիչների հստակեցմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ու հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների հասցեականության ու այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բարեփոխումները՝ նշել է. «Ոլորտի բարեփոխումն, ըստ էության, երկու կարևոր բաղադրիչ ունի՝ մեկը բովանդակությունն է, որը մենք դեռևս 2014թ. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել ենք և, ըստ որի, պետք է անցում կատարենք մեկ միասնական լեզվի ու նոր դասակարգչի. այսինքն՝ առողջապահության, սոցիալական պաշտպանության և կրթության ոլորտները հաշմանդամություն ունեցող անձի խնդրի շուրջ մեկ լեզվով պետք է խոսեն, որպեսզի լուծվի մարդու խնդիրը: Երկրորդ խնդիրը բժշկասոցիալական փորձաքննության ամենատարբեր գործընթացների կանոնակարգումն է և ոլորտում յուրաքանչյուր գերատեսչության պատասխանատվության հստակեցումը»:
Նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը ներկայացրել է տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ու սպասարկման հաստատություններ ուղեգրման գործընթացի բարեփոխումները: Ըստ պաշտոնյայի՝ հիմքում ունենալով շուրջօրյա խնամք ցանկացող անձի սոցիալական կարիքի բազմակողմանի գնահատումը, պետք է նրան տրամադրել ամենատարբեր ծառայություններ, չկտրելով նրան ընտանեկան միջավայրից:
Նախարարի տեղակալը խոսել է նաև ընտանեկան օրենսգրքով նախատեսված ալիմենտի բռնագանձման մասին, նշելով, որ եթե զավակները հրաժարվում են ծնողի խնամքն իրականացնելուց, ծնողին պահելուց, ապա ընտանեկան օրենսգրքով հստակ նախատեսված է, որ պետք է երեխաները վճարեն ալիմենտներ: Ալիմենտի չափը որոշում է դատարանը և կախված է խնամքի ծախսերից, զավակի ընտանեկան և գույքային դրությունից, եկամուտներից:
«Բարեփոխման հիմնական նպատակն այն է, որ միայն շուրջօրյա խնամք ցանկացող անձի կամ նրա բարեկամի ցանկությունը բավարար հիմք չի կարող հանդիսանալ, որ անձը հայտնվի շուրջօրյա խնամքի հաստատությունում: Պետք է հաստատություն ընդունվի այն մարդը, ով այլևս այլընտրանք չունի»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Խորհրդի անդամներին ներկայացվել է նաև զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշախտող մայրերին աշխատանքի վերադառնալու աջակցության մեխանիզմների ներդրման, գործազուրկի անմրցունակ ճանաչման դեպքերի հստակեցման և զբաղվածության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նիստի ընթացքում ներկայացված բարեփոխումների վերաբերյալ հնչել են առաջարկություններ, դիտարկումներ ու հարցեր: