Տնտեսական աճի այս տեմպերը լավ հիմք են, և աճի շարունակականությունը շատ լավ հիմք է լինելու, որ կարողանանք առաջիկա տարիների ընթացքում երկրում աղքատության մակարդակի էական կրճատում ունենալ:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով հարցին, որ երկրում նախատեսվածից ավելի տնտեսական աճ է եղել, իսկ նա միշտ հայտարարել է, որ աղքատության հաղթահարման համար կայուն տնտեսական աճ է հարկավոր:
Նա նկատեց, որ Կառավարության ծրագրով էլ հստակ ամրագրված է, որ նախատեսվում է առաջիկա տարիների ընթացքում ներառական տնտեսական աճի, սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող հասցեական քաղաքականությամբ իրականացնել թիրախավորված ծրագրեր, որոնք ուղղված են լինելու աղքատության կրճատմանը: Նրա խոսքով՝ 7.5% տնտեսական աճը դեռևս իր շեշտակի ազդեցությունը չի թողել, սակայն դժվարացավ ասել, թե աղքատության հաղթահարման համար կոնկրետ քանի տոկոս տնտեսական աճ է հարկավոր:
«Ազդեցությունն աղքատության վրա չափվում է ԱՎԾ-ի կողմից՝ յուրաքանչյուր տարի իրականացվող՝ տնային տնտեսությունների հետ կապված ամբողջական հետազոտությամբ: Արդյունքները հրապարակվում են հաջորդ տարվա տարեվերջին, որովհետև տնային տնտեսությունների հետազոտությունը մի ամբողջ տարի իրականացվում է: Հետևաբար՝ ազդեցության մասին այսօր գնահատական չենք կարող հնչեցնել: Ընդհանրապես, ինչ վերաբերում է կորելացիային, ապա տնտեսական աճն ու աղքատության կրճատումը միանշանակ կապված են միմյանց հետ: Աղքատության հաղթահարման հարցում առաջին հերթին պետք է նկատի ունենաք աշխատավարձերի, քաղաքացիների եկամուտների ավելացումը: Մյուս խնդիրը վերաբերում է եկամտաստեղծ գործունեության արդյունքում տնօրինվող եկամուտների աճին»,- ասաց նա` հավելելով, որ Կառավարության կողմից տնտեսական աճի ուղղությամբ ձեռնարկվող քայլերն են, որ պետք է բերեն աղքատության և գործազրկության մակարդակի նվազեցման:
Նախարարը չի հերքում, որ պետբյուջեից իր ղեկավարած կառույցին զգալի գումարներ են տալիս: Նա շեշտեց, թե իրենք ամեն ինչ անում են, որ սոցիալական ոլորտին տրվող գումարները մաքսիմալ արդյունավետ ծրագրերի վրա կիրառվեն:
Արտեմ Ասատրյանը շեշտեց, թե Կառավարության առաջնային նպատակը բնակչության կյանքի որակը բարձրացնել է: Նա հույս հայտեց, որ ապագայում կայուն տնտեսական աճն իր դրական ազդեցությունը կթողնի ՀՀ-ում աղքատության հաղթահարման վրա:
Դիտարկմանը, որ հայ բժիշկներից ոմանք ահազանգում են, որ հիվանդ երեխաների մեջ թերսնվածները բավականին շատ են, Արտեմ Ասատրյանն արձագանքեց, որ ներկայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Համաշխարհային բանկի և այլ միջազգային կառույցների կողմից հետազոտություն է անցկացվում: Նա նշեց, որ հետազոտության համար որպես թիրախ է ընտրվել այն, որ սոցիալական պաշտպանության և առողջապահական համակարգը համատեղ գործեն:
«Բանն այն է, որ շատ դեպքերում մենք գործ ունենք ուղղակի ծնողավարման հմտությունների բացակայության հետ, իհարկե, այս խնդրում ազդեցություն ունի նաև աղքատության մակարդակը: Այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը, որոնք կառավարության կողմից նախաձեռնվել են՝ մասնավորես դպրոցական կայուն սննդի ծրագիրը և այլն, շարունակական են լինում: Հավատացեք՝ այս խնդիրը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում աղքատության մակարդակը 29.4 տոկոս է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը բազմիցս հայտարարել, որ երկրում աղքատության հաղթահարման համար կայուն տնտեսական աճ է հարկավոր: Նշենք նաև, որ այս 2017թ.-ին տնտեսական աճը եղել է 7.5%, թեև կառավարությունը 5% էր նախատեսել: