Տարեցների տուն-ինտերնատ ուղեգրումն առավելագույնս կփոխարինվի այլընտրանքային տարբերակներով

0
492

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեռևս 2017-ի տարեվերջից մեկնարկած բարեփոխումները նպատակ ունեն հնարավորինս կանխարգելել տարեցների՝ շուրջօրյա խնամքի հաստատություններ ուղեգրումը: Մինչ այսօր շուրջօրյա խնամք հայցող 30 տարեցի արդեն մատուցվել են այլընտրանքային ծառայություններ: Իրականացված և դեռ կատարվելիք փոփոխությունների ու դրանց ազդեցության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանի հետ:

Պարոն Ավետիսյան, ի՞նչ գործնական փոփոխություններ են արդեն իրականացվել և ո՞րն է դրանց նպատակը:

– Մենք ուզում ենք տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հաստատություններ ուղեգրման գործընթացն ավելի պարզ և թափանցիկ դարձնել: Այսինքն` ուղեգրումը կկատարվի ոչ թե պարզապես անձի կամ իր ընտանիքի որոշմամբ, այլ կարիքի համակողմանի գնահատման արդյունքում: Նման ծառայությունից օգտվելու հնարավորություն ունեն բացառապես այն տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր գտնվում են դժվարին պայմաններում: Կան բազմաթիվ խնամարկյալներ, ովքեր ունեն աշխատող երեխաներ, բնակարան, ստանում են կենսաթոշակ: Կան նաև տարեցներ, ովքեր անժառանգ են, չունեն նաև բնակության պայմաններ, հետևաբար խնամքի հաստատությունում գտնվելու ավելի շատ իրավունք ունեն: Դրա համար անհրաժեշտ են համապատասխան մեթոդներ հստակ գնահատելու համար`տարեցը կամ հաշմանդամություն ունեցող անձը կյանքի դժվարին իրավիճակում է, թե ոչ: Ներդրել ենք կարիքի գնահատման նոր գործիք՝ հարցաթերթիկ, նաև փոխել ենք ուղեգրման ընթացակարգը, որում նախարարությունը խորամուխ է՝ յուրաքանչյուր դեպք առանձին է դիտարկվում ու որոշում կայացվում: Սոցիալական աշխատողը տուն կատարած այցի արդյունքում, հարցաթերթիկի շնորհիվ կգնահատի կարիքը, թե կա՞, արդյոք, օբյեկտիվ հիմք, կյանքի դժվարին իրավիճակ: Նաև պարզ կդառնա՝ արդյո՞ք միակ լուծումը շուրջօրյա խնամքն է: Մենք ուզում ենք կանխել տարեցների՝ շուրջօրյա խնամքի հաստատություն ուղեգրումները: Նախատեսում ենք այս տարի նաև կարճաժամկետ վերապատրաստումներ իրականացնել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների մասնագետների համար:

Մինչ այժմ տունինտերնատ ուղեգրման քանի՞ դեպք է կանխվել, այլընտրանքային տարբերակներ առաջարկվե՞լ են, արդյոք:

– Նոր գործիքի՝ հարցաթերթիկի կիրառմամբ շուրջօրյա խնամք հայցող 30 տարեցի փորձել ենք օգնել այլընտրանքային աջակցությամբ, և նրանք չենք ուղեգրվել շուրջօրյա խնամքի հաստատություններ: Նրանցից 15-ի ուղեգրման որոշումը սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնից ստացել, ուսումնասիրել և ուղեգրումը նպատակահարմար չի համարել նախարարությունը: Այդ 30-ին առաջարկվել են այլընտրանքային տարբերակներ՝ տնային պայմաններում աջակցություն, երբ սոցիալական սպասարկողները որոշակի պարբերականությամբ այցելում և հոգում են տարեցի կենցաղային հոգսերը, ինչպես նաև մատուցվում է հոգեբանական ծառայություն: Երկրորդ այլընտրանքը ցերեկային կենտրոններն են: Այդ աշխատանքը պետության ֆինանսավորմամբ իրականացնում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը: Ունենք շուրջ 20 նման ցերեկային կենտրոններ 6 մարզում և Երևանում: Այդ կենտրոններն իրենց հարկի ներքո ծառայություններ են տրամադրում տարեցներին: Տարեցը հնարավորություն ունի այնտեղ օգտվել մեկանգամյա տաք սննդից, ըստ անհրաժեշտության ՝ բժշկական օգնությունից, ինչպես նաև կարող է պարզապես ժամանակ անցնել:

Իսկ եթե տարեցի բնակության վայրում չկան նման կենտրոններ, այդ դեպքում այլընտրանքային ի՞նչ տարբերակ պետք է առաջարկվի:

– Ընդաﬔնը 6 մարզում և Երևանում են առկա նման կենտրոններ: Մենք նախաձեռնում ենք ցերեկային կենտրոնները և սոցիալական օգնականի ինստիտուտը զարգացնել ոչ միայն որակական, այլ նաև աշխարհագրական տարածվածության իմաստով: Դրանք պետք է հասանելի լինեն նաև հանրապետության ողջ տարածքում: Դեպի այդ կենտրոններ և տուն տարեցների տեղափոխումը ևս պետք է հասանելի լինի: Անհրաժեշտ է նաև նրանց զբաղմունքը կազմակերպել այդ կենտրոններում: Սա մեր բարեփոխումների շարունակությունն է:

Պարոն Ավետիսյան, խոսենք նաև շուրջօրյա խնամքի հաստատություններում հաստատված որոշ տարեցների զավակների կողﬕց ալիﬔնտի վճարման մասին:

– Որքան պետությունն է պարտավոր իր քաղաքացու կողքին լինել դժվարին իրավիճակներում, այդչափ և նույնիսկ ավելի շատ` այդ անձի երեխաները: Ընտանեկան օրենսգրքով սահմանված է՝ այն զավակները, ովքեր հրաժարվում են իրենց ծնողների խնամքը կազմակերպելուց, ծախսերը հոգալուց, պարտավոր են վճարել ալիմենտ: Մենք ուզում ենք այս դրույթն առավել ակտիվացնել:

Կարելի՞ է ենթադրել, որ այդ դրույթը եղել է օրենքով սահմանված, սակայն չի կիրառվել, հիմա փորձում եք գործնական կիրառության բերել:

– Կարծում եմ՝ չի կիրառվել, և մենք ընդհանուր բարեփոխումների համատեքստում այդ գործիքի անհրաժեշտությունը ևս տեսնում ենք: Այն դեպքերում, երբ զավակն իր հայեցողությամբ կհրաժարվի ծնողի խնամքից, պետք է կիրառվի այս գործիքը: Առանձին դեպքերում կարող է ունենալ հստակ կանխարգելիչ ազդեցություն: Ալիﬔնտի չափը կորոշի դատարանը՝ կախված մի շարք օբյեկտիվ հանգամանքներից:

Ալիﬔնտը ստանալու է տարե՞ցը, թե՞ խնամքի կենտրոնը:

– Դա ծախսերի հատուցում է, և այն ստանալու է ծախսը կատարողը, այսինքն՝ կենտրոնը: Այդ գումարը պետք է ուղղվի տարեցի խնամքը կազմակերպելուն: Սակայն, կարծում եմ, այս գործիքը պետք է բացառիկ դեպքերում առաջարկվի որպես լուծում: Մինչ դա պետք է քննարկվեն այլընտրանքային այլ եղանակներ: Անհրաժեշտ է զավակների հետ իրականացնել սոցիալական աշխատանք և ստեղծել հիմքեր, որ զավակը ետ կանգնի ծնողին ծերանոց ուղարկելու որոշումից: Շուրջօրյա խնամքի կենտրոնը պետք է դիտարկվի որպես աջակցության վերջին հանգրվան:

Ալիﬔնտի սահմանմամբ փորձ է արվում թեթևացնել նաև շուրջօրյա խնամքի հաստատությունների ֆինանսական բե՞ռը:

– Ոչ, ալիﬔնտի սահմանումը չենք դիտարկում որպես պետական միջոցների ծախսարդյունավետության բարձրացում: Մենք պարզապես առաջարկում ենք ավելի էժան և արդյունավետ այլընտրանքային տարբերակներ: Երբ սոցիալական աշխատանքը շարունակվում է նաև շուրջօրյա խնամքի կենտրոնում, և խնդիրները հարթվելու արդյունքում տարեցը վերադառնում է ընտանիք, այո, նվազում է նաև ֆինանսական բեռը: Սակայն ալիմենտը ոչ թե ֆինանասական բեռը թեթևացնելու ,այլ տարեցին ծերանոց ուղարկելու համար կանխարգելիչ նշանակություն ունի:

Մինչ այս բարեփոխումները, այնուամենայնիվ, բազմաթիվ տարեցներ են տեղափոխվել տունինտերնատներ: Այդ հաստատություններում ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում:

– Մենք նաև կուժեղացնենք սոցիալական աշխատանքը հենց շուրջօրյա խնամքի հաստատություններում՝ ծերանոցներում: Այն կշարունակվի հատկապես այն անձանց համար, ովքեր ունեն ընտանիք ու բնակության վայր, սակայն ինչ-ինչ պատճառներով հայտնվել են այդ հաստատություններում: Շուրջօրյա խնամքի կենտրոններում շատ ենք կարևորում նաև ընտանիքի անդամների, հատկապես զավակների հետ հետադարձ կապը պահելը, խնդիրները հարթելը՝ այն կարևոր նպատակադրմամբ, որ մի օր կհասնենք նրան, որ կհարթվեն կյանքի դժվարությունները, և մարդը կվերադառնա ընտանիք: Նոր մոտեցումների ներդրման արդյունքում արդեն ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ վերադարձել են իրենց ընտանիքներ: Նախատեսում ենք մոտ օրերս մեր ենթակայության տակ գտնվող բոլոր՝ Երևանի թիվ 1, Նորքի, Գյումրու տուն-ինտերնատներում, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և Վարդենիսի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոններում մոնիտորինգ իրականացնել՝ հասկանալու ծառայության որակը, քանակական ցուցանիշները: Հատկապես ուշադրության կենտրում են լինելու սոցիալական աշխատանքը և դրա արդյունքները: Մոնիտորինգն արդեն մեկնարկել է, կիրականացվի փուլ առ փուլ: Բարեփոխումները կլինեն շարունակական: Դրանք բխում են ՀՀ կառավարության կողﬕց հաստատված «Ծերացման խնդիրների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարություն»-ից: