Ապրիլ ամսին շուրջ 600 ազատամարտիկ կստանա ավանդի դիմաց փոխհատուցում

0
181

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 12.04.2018թ. հերթական նիստում ընդունված որոշման համաձայն ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, ովքեր մինչ օրս հաշվառվել են ավանդի փոխհատուցում ստանալու նպատակով՝ կընդգրկվեն ապրիլ ամսվա վճարման ցուցակներում:

Արդյունքում շուրջ 600 ազատամարտիկ ապրիլ ամսին կստանա ավանդի դիմաց փոխհատուցում:

Հիշեցնենք՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում) ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`

1) մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ նրա ավանդի 50 տոկոսի չափով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ նրա ավանդի 50 տոկոսի չափով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված սահմանամերձ բնակավայրերում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ նրա ավանդի 50 տոկոսի չափով:

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք: