Սեպտեմբերի 10-ին «Նովոստի» մամուլի ակումբում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանի մամուլի ասուլիսը

0
99

Սեպտեմբերի 10-ին «Նովոստի» մամուլի ակումբում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին պաշտոնավարման 100 օրվա արդյունքները և ոլորտի զարգացման հեռանկարները:
Պրն. Համբարձումյանը խոսեց կենսաթոշակային բարեփոխումների, պետական  նպաստների, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման, ժողովրդագրական քաղաքականության, բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների գնահատման և մոնիթորինգի համակարգերի, զբաղվածության հիմնախնդիրների, հանրային ծառայողների վարձատրության, հասարակական սեկտորի հետ համագործակցության, սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն զարգացման ռազմավարության և բազմաթիվ այլ հարցերի մասին:
Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկը կտրվի 2010 թվականին:Մի քանի տարի տևած աշխատանքների արդյունքում գրեթե վերջնական տեսքի է բերվել կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, որը առաջիկա օրերին կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:Նախատեսվում է ներդնել բազմաստիճան կենսաթոշակային համակարգ, որը բաղկացած կլինի երկու բաղադրիչներից` պետական բաշխողական և մասնավոր կուտակային: Արդեն իսկ պատրաստ է նաև կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը, որը ևս առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը:Կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը զուգահեռ կառավարությունն առաջիկա տարիներին ևս շարունակելու է պարբերաբար բարձրացնել կենսաթոշակների չափերը: Արդեն պատրաստ է կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է 2009 թվականի հունվարի 1-ից բարձրացնել կենսաթոշակների չափերը: Մասնավորապես` բազային կենսաթոշակի չափը ներկայիս 5000 դրամի փոխարեն կկազմի 5800 դրամ, հիմնական կենսաթոշակի չափը` 6800 դրամի փոխարեն` 7950 դրամ, իսկ ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը 395 դրամի փոխարեն` 455 դրամ: Այս բարձրացումների արդյունքում`
ա) ապահովագրական կենսաթոշակների միջին չափը կկազմի 25686 դրամ` 2008 թվականի  21842 դրամի փոխարեն (աճը` 17.6%),
բ) սոցիալական կենսաթոշակների միջին չափը կկազմի 10173 դրամ` 2008 թվականի 8765 դրամի փոխարեն (աճը` 16.0 %),
գ) շարքային զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին վճարվող կենսաթոշակների միջին չափը կկազմի 20385 դրամ` 2008 թվականի 17693 դրամի փոխարեն (աճը` 15.2 %):
Առաջիկա տարիներին ևս կառավարությունը շարունակելու է կենսաթոշակների չափերի պարբերական բարձրացումը այն հաշվով, որ 2012 թվականին հնարավոր լինի ապահովել կենսապահովման նվազագույն բյուջեի 100 տոկոսը կազմող միջին կենսաթոշակի չափ:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ իր կողմից համապատասխան հանձնարարական է իջեցվել կենսաթոշակային գործերի գույքագրում անցկացնելու վերաբերյալ: Առաջիկայում համապատասխան կարգի և ժամանակացույցի համաձայն կիրականացվի կենսաթոշակային գործերի գույքագրում, որի արդյունքում, նախնական գնահատմամբ, կվերահաշվարկվեն շուրջ 20.000 կենսաթոշակառուի գործեր: Այս գործընթացի արդյունքում բազմաթիվ կենսաթոշակառուներ ավելի բարձր կենսաթոշակ կստանան£

Ներկայացնելով պետական, մասնավորապես` ընտանեկան նպաստի համակարգը, պարոն Համբարձումյանը փաստեց, որ արդիական է համակարգի պարզեցման, հասցեականության մեծացման խնդիրը:
-«Մոտեցումը լինելու է հետևյալը` նպաստառու ընտանիքներում երեխա ունեցող ընտանիքների տեսակարար կշռի աճի մեծացում: Այստեղ արդյունավետ լուծումներ գտնելը բավականին դժվար է լինելու, քանի որ խնդիրներ կան թե կառավարման համակարգի, թե ընտանեկան նպաստի գաղափարախոսության մասնակի վերանայման, թե տեղեկատվական բազաների արդիականացման և տեղեկատվության  ավտոմատ փոխանակման համակարգերի զարգացման հետ»- նշեց նախարարը:
Անդրադառնալով էլեկտրոնային կառավարման համակարգին` նախարարը համոզմունք հայտնեց, որ արդյունավետ սոցիալական պաշտպանության համակարգի կայացումն անհրաժեշտաբար ենթադրում է էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում:Այս ուղղությամբ ևս աշխատանքներն ընթացքի մեջ են:Որպես առաջին քայլ թարմացվել է նախարարության կայքէջը, ներդրվել են նոր էլեկտրոնային գործիքներ: Նախարարության աշխատանքները առավել թափանցիկ և հրապարակային դարձնելու, հաշվետվողականության մեխանիզմներ ներդնելու նկատառումներից ելնելով, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները երկշաբաթյա պարբերականությամբ իրենց հաշվետվությունները տեղադրում են կայքէջում:
Աշխատանքներ են տարվում սոցիալական պաշտպանության ոլորտի պորտալի ստեղծման ուղղությամբ, որը պատրաստ կլինի մոտ ապագայում :Մեկ, մեկուկես տարի հետո ակնկալվում է ունենալ տեղեկատվական հոսքերի կառավարման կորպորատիվ ցանց, որը թույլ կտա իրականացնել տարբեր տեղեկատվական համակարգերի տեղեկատվության ավտոմատ փոխանակում:Անդրադառնալով զբաղվածության ոլորտին, նախարարը նշեց, որ այստեղ ևս լուրջ անելիքներ կան: Աշխատաշուկայում առկա է առաջարկի և պահանջարկի մեծ անհամապատասխանություն, շարունակում է բարձր մնալ գործազրկության մակարդակը:Թեև պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը 2008 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 6.4 տոկոս, սակայն ըստ տարբեր  հետազոտությունների` գործազրկության իրական մակարդակը տատանվում է 20-ից 30 տոկոսի սահմաններում:Այս ոլորտում շոշափելի արդյունքներ կարելի է արձանագրել միայն ակտիվ զբաղվածության ծրագրերի իրականացման, տնտեսության մեջ ընթացող զարգացումներին համապատասխան զբաղվածության նոր ծրագրերի մշակման և ներդրման ճկուն համակարգ ստեղծելու միջոցով: Թեև վերջին տարիների ընթացքում ներդրվել են մի շարք ակտիվ զբաղվածության ծրագրեր, սակայն արդյունքները դեռ խիստ հեռու են բավարար լինելուց:Լուծում պահանջող այլ խնդիրներից նախարարն առանձնացրեց սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն զարգացման ռազմավարության  հարցը:
Արդեն իսկ որոշակի քայլեր են ձեռնարկվել սոցիալական պաշտպանության ոլորտը նոր սոցիալ-տնտեսական իրողություններին համապատասխանեցնելու, դրա արդյունավետ գործունեությունն ապահովելու համար:Մշակվել են համապատասխան ծրագրեր սոցիալական պաշտպանության համակարգի առանձին բաղադրիչների վերաբերյալ, ընդունվել են բազմաթիվ օրենքներ և այլ իրավական ակտեր, որոնց մեծ մասը սակայն առավելապես միտված է եղել իրավիճակային խնդիրների լուծմանը:
Վերջին 3-4 տարիների ընթացքում մշակվել և ընդունվել են մի շարք ռազմավարական ծրագրեր, որոնց առանձին բաղադրիչներ ուղղված են սոցիալական պաշտպանության ոլորտին:Այդուհանդերձ` մինչ օրս գոյություն չունի սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման միասնական քաղաքականությունն արտացոլող ռազմավարական փաստաթուղթ, որում մանրամասն նկարագրված կլինեն դրա զարգացման գերակայությունները, իրականացվելիք քայլերի հաջորդականությունը և ակնկալվող արդյունքները: Այս նկատառումներից ելնելով նախարարությունը ձեռնամուխ է եղել նման փաստաթղթի ստեղծմանը, որը պատրաստ կլինի 2009թ-ի տարեսկզբին:
Ասուլիսի ավարտին պարոն Համբարձումյանը ներկայացրեց սոցիալական պետության իր տեսլականը, համաձայն որի`

  • պետության սոցիալական քաղաքականությունը պետք է խարսխվի այն գլխավոր սկզբունքի վրա, ըստ որի` թույլը չպետք է ընկնի աղքատության և արժանապատվության նվազագույն սահմանից ներքև.
  • պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի օժանդակելու թույլին, այլ ոչ թե` ծույլին,
  • հավասար պայմաններ պետք է ապահովել աշխատելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու համար,
  • աշխատողները պետք է ապահովված լինեն պատշաճ աշխատավարձով, առողջ, անվտանգ և ընդունելի պայմաններով աշխատանքով, իսկ գործատուները` անհրաժեշտ որակավորմամբ աշխատուժով,
  • պետության սոցիալական քաղաքականության առանցքը պետք է լինի եկամուտների խելամիտ ու արդարացի  վերաբաշխումն այն հաշվով, որպեսզի  սոցիալապես խոցելի ու անպաշտպան շերտերը կենսական բոլոր նվազագույն կարիքները բավարարելու հնարավորություն ունենան:

Վերջում պարոն Համբարձումյանը տեղեկացրեց: