Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 54-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը: Իր ելույթում Հայաստանի պատվիրակության ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում գենդերային քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին, ինչպես նաև կանանց կարգավիճակի բարելավմանն ուղղված Հայաստանի կառավարության մի շարք ռազմավարական ծրագրերին:
Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի կողմից վավերացվել են կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված բոլոր հիմնարար իրավական փաստաթղթերը, ինչը զգալիորեն բարձրացնում է պետության պատասխանատվության մակարդակը: Զեկուցողն ընդգծել է, որ գենդերային բնագավառում իրականացվող քաղաքականությունը լիովին համահունչ է ժողովրդական, սոցիալական և իրավական պետություն կառուցելու մեր երկրի ընտրությանը:
Մարտի 2-ին Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 54-րդ նստաշրջանի շրջանակներում գումարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիսավոր նիստը` նվիրված Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի 15-ամյակին, որին ելույթներով հանդես են եկել Գլխավոր ասամբլեայի նախագահը, Գլխավոր քարտուղարի տեղակալը, ՄԱԿ-ի անդամ երկրների հինգ տարածաշրջանային խմբերի և հյուրընկալ երկրի` ԱՄՆ ներկայացուցիչները:
Գլխավոր ասամբլեայի նիստը եզրափակել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ դեսպան Կարեն Նազարյանը, որը դրվատել է Գործողությունների ծրագրի դերն ու նշանակությունը կանանց իրավունքների պաշտպանության և կարգավիճակի բարձրացման հարցում: Անդրադառնալով նույն օրը հանձնաժողովի կողմից ընդունած Հռչակագրին` ՀՀ մշտական ներկայացուցիչը հորդորել է պետությունների կառավարություններին ի մի բերել ջանքերը և ռեսուրսները` աշխարհի բոլոր կանանց հասանելի դարձնելու համար Պեկինում նախանշված նպատակները` հավասարություն, զարգացում, խաղաղություն:
Դեսպանը եզրափակել է` նշելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ է և առավելություն հանձնաժողովի անունից հանդես գալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: