ՄԱԿ-ի հետ համագործակցությունը շարունակվում է. ընդունելություն նախարարությունում

0
144

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին։

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը, շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ամփոփ ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի ոլորտում իրականացված ծրագրերը և առաջիկայում նախատեսված համատեղ գործողությունները։

«Հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնախնդիրները համակարգային լուծումների կարիք ունեն։ Մեր կողմից իրականացվող ծրագրերի հիմքում մարդն է ու նրա կարիքները։ Այս համատեքստում խիստ կարևոր է փոխել խնդրի նկատմամբ ոչ միայն հանրության, այլև  պետության վերաբերմունքը, վերջինիս որդեգրած առանցքային մոտեցումը երկարաժամկետ լուծումներ մշակելիս»,- ընդգծեց Դմիտրի Մարիյասինը։

Նախարար Մանե Թանդիլյանն իր հերթին հաստատեց․ «Ոլորտային բարեփոխումների կենտրոնում պետք է դրված լինի մարդն՝ իր կարիքներով։ Համակարգային լուծումների համար կարևոր է խնդրին առնչվող բոլոր, հատկապես առողջապահության և կրթության ոլորտները համակարգող գերատեսչությունների համատեղ աշխատանքը․ Գործադիրի յուրաքանչյուր օղակ պետք է հստակ իմանա իր գործողությունների և պարտավորությունների շրջանակները»։

Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում հանդիպել աշխատանքային խմբերով՝ համատեղ ընթացիկ ծրագրերն ու անելիքները հանգամանորեն քննարկելու համար։