Նախարարը ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

0
160

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մ․ Միլս Կրտսերին։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը, ԱՄՆ Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Ջ․ Էնդրյուս Բաշանը։

Նախարարին նշանակման կապակցությամբ շնորհավորելուց հետո, Դեսպանը ներկայացրեց Հայաստանում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող սոցիալական բաղադրիչ ունեցող ծրագրերի հիմնական ուղղությունները, գործընկերության ընթացքի, արդյունավետության ու առկա խոչընդոտների վերաբերյալ իր կարծիքն ու մոտեցումները։

«Հանրային ծառայությունների նկատմամբ վստահության մեծացման ու համաչափ աճ ապահովելու հարցում հիմնարար գործոն են սոցիալական պաշտպանությանն ու մարդկանց կենսամակարդակի բարելավմանն ուղղված ներդրումները: Պատրաստ եմ դիտարկել ուղիներ՝ աջակցելու նոր կառավարության առաջնահերթություններին սոցիալական ոլորտում,- նշեց դեսպան Ռիչարդ Մ․Միլս Կրտսերը:

Նախարար Մանե Թանդիլյանը կարևորեց ԱՄՆ փորձագիտական ներուժը մեր երկրում ոլորտային խնդիրների լուծման գործում՝ իր պատրաստակաությունը հայտնելով ակտիվորեն համագործակցել ծրագրերում ներգրավված աշխատանքային խմբերի և առանձին փորձագետների հետ։

Նախարարը, որպես համագործակցության առաջնահերթություն, կարևորեց երեխաների հիմնախնդիրները՝ շեշտելով, որ իրականացվող բոլոր բարեփոխումների առանցքում պետք է լինի երեխայի շահը։

Որպես համատեղ աշխատանքի մյուս հիմնական ուղղություն՝ կողմերն առանձնացրին աշխատանքի և զբաղվածության ոլորտը։ Նախարար Մանե Թանդիլյանը համոզվածություն հայտնեց, որ շատ դեպքերում խնդիրները լուծելու համար պարզապես անհրաժեշտ է ապահովել դաշտը կարգավորող օրենքների լիարժեք կիրարկումը։

«Մեզ համար կարևոր է ձևավորել ու զարգացնել աշխատանքային հարաբերությունները վերահսկող այնպիսի համակարգ, որի կենտրոնում աշխատող մարդու իրավունքներն են։ Սրան զուգահեռ անհրաժեշտ է նոր ձև ու բովանդակություն հաղորդել արհեստակցական միություններին: Այս կառույցները պետք է դառնան աշխատող անձանց պաշտպանն ու աջակիցը»։

Դեսպանը հույս հայտնեց, որ ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը կդառնա ավելի առարկայական, իսկ Կառավարության նկատմամբ հանրության մեծ վստահությունը կխթանի իրականացվող ծրագրերում հանրության ներգրավվածությունը։