«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը լրամշակվում է

0
232

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանի գլխավորությամբ հունիսի 25-ին «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ կազմակերպվել է մասնագիտական աշխատանքային քննարկում, որին մասնակցել են հանրային հատվածի մի շարք շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության մասնագետներ:

Քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվել են oրենքի նախագծի հիմնական կարգավորումները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ ստացված՝ այդ թվում հասարակական կազմակերպությունների կողմից, առաջարկությունների հիման վրա կատարված լրամշակումները:

Նախագծի փաթեթի վերաբերյալ տարբեր հասարակական կազմակերպությունների, հանրային հատվածը ներկայացնող միությունների կողմից ևս ներկայացվել են որոշակի առարկություններ և առաջարկություններ:

Մասնավորապես, առաջարկվել է հանել այն հոդվածային կարգավորումները, որոնց համաձայն նախատեսված են կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի բնագավառներն ու աշխատանքները, կամավորների հաշվառումը, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից տվյալների շտեմարանի վարումը:

Ներկայացվել են նաև նախագծի մի շարք այլ հոդվածների վերաբերյալ առաջարկություններ, որոնք այժմ գտնվում են քննարկման փուլում:

Քննարկման արդյուքների հիման վրա օրենքի նախագիծը լրամշակելուց հետո կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ: