Նախարարն ընդունել է ՍՕԱՐ հիմնադրամի ներկայացուցիչներին

0
202

Հունիսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունեց Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության (ՍՕԱՐ) ներկայացուցիչներին։

Աշխարհի 114 քաղաքներում ներկայացուցչական մասնաճյուղեր ունեցող հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականին ամերիկահայ բարերար Ջորջ Յակուբյանի կողմից։ ՍՕԱՐ-ը օգնություն է տրամադրում Հայաստանում,  Արցախում, Ջավախքում, Լիբանանում, Սիրիայում և Թուրքիայում գտնվող երեխաների խնամքի և պաշտպանության մի շարք կառույցների: Ոլորտում բազմամյա փորձառություն ունեցող կառույցը գրասենյակ ունի նաև Հայաստանում։

«Մեզ համար հեշտ է գտնել ֆինանսական միջոցներ, բայց կարևոր է հստակեցնել նախարարության տեսլականն ու այն մեխանիզմները, որոնցով կարող ենք շարունակել մեր համատեղ աշխատանքն այս ոլորտում»,-  նշեց ՍՕԱՐ հիմնադրամի նախագահ Ջորջ Յակուբյանը։

Հյուրերը նախարարին ներկայացրին անցած տարիների ընթացքում իրականացրած հիմնական ծրագրերն ու երեխաների հետ աշխատանքի կազմակերպման գործում ՍՕԱՐ-ի սկզբունքներն ու մոտեցումները։ ՍՕԱՐ հիմնադրամի հայաստանյան գլխամասի գործադիր տնօրեն Հռիփսիմե Մուրադյանը նշեց, որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծան ուղղությամբ աշխատանքներն անհամեմատ ավելի արդյունավետ են, երբ շահագրգիռ բոլոր կողմերն աշխատում են միասին։ Նախարարը տեղեկացրեց, որ ծանոթացել է հիմնադրամի գործունեությանը և ուրախ է, որ խնդիրների լուծման ուղղությամբ հիմնականում նույն մոտեցումներն ունեն։

Նախարարը ծանոթացավ նաև 2016 թվականից երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպման գործընթացի արդյունքում ընտանիքներ վերադարձած երեխաների աջակցության ծրագրերի արդյունքներին։

Հյուրերը նախարարի ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ հաճախ խնամքի հաստատություններում և կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնդիրների լուծման տարբերակներ մշակելիս անտեսվում են այդ երեխաների կարծիքն ու ցանկությունները։

«Պետք է ընդունենք, որ առկա համակարգը հաճախ թույլ չի տալիս լսել երեխաների ձայնը։ Իմ՝ խնամքի հաստատություններ կատարած այցերն ու սաների հետ շփումը ցույց են տալիս, որ այդ երեխաներն առանձին խոսելու, լսելի ու հասկացված լինելու կարիք ունեն։ Կարծում եմ՝ պետք է ձևավորվեն հաստատություններից անկախ խմբեր, որոնց անդամները կկարողանան վեր հանել երեխաների խնդիրներն ու ցանկությունները, փոխանցել այդ կարևոր տեղեկությունը ոլորտը կարգավորող մարմիններին»,– նշեց նախարար Մանե Թանդիլյանը՝ առաջարկելով համատեղ ուժերով մշակել խնդրի լուծմանն ուղղված տարբերակներ։

Հիմնադրամի ներկայացուցիչներն առաջարկեցին նախարարին առաջիկայում հանդիպել նախարարության շենքից դուրս՝ տեղում ծանոթանալու ՍՕԱՐ-ի կողմից իրականացվող աշխատանքներին և համատեղ քննարկելու դրանց զարգացման հնարավորությունները։