Մանե Թանդիլյանն ընդունել է Իրանի դեսպանին

0
94

Հուլիսի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սեյեդ Քազեմ Սաջջադին։

Շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ դեսպանը հույս հայտնեց, որ այսուհետ երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը նոր շունչ կստանա։

Պարոն Սեյեդ Քազեմ Սաջջադը նշեց, որ ոլորտային փորձի փոխանակումը կարևոր է երկու ժողովուրդների համար և կարող է զարգացման, համատեղ նախաձեռնությունների սկիզբ դառնալ։ Դեսպանը տեղեկացրեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ հաջողություններ է արձանագրել հատկապես երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ոլորտներում և այդ փորձառությունը կարող է օգտակար լինել նաև Հայաստանի համար։

Կարևորելով հասցեական կրթության դերը զբաղվածության խնդիրների լուծման գործում, Մանե Թանդիլյանն առաջարկեց համատեղ քննարկումներին հրավիրել նաև կրթության և գիտության ոլորտները համակարգող կառույցների ներկայացուցիչներին։

Հիշատակելով դեռևս 2011 թ․-ին ստորագրված համաձայնագիրը՝ դեսպանը հույս հայտնեց, որ այսուհետ երկու երկրների համագործակցությունն ավելի առարկայական կլինի և առաջարկեց մոտ ապագայում երկու երկրների համապատասխան նախարարությունների փոխայցեր կազմակերպել։

«Մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն, ուստի համոզված եմ՝ արդյունավետ համագործակցությունը շահավետ կլինի մեր երկու երկրների համար էլ։ Հավատացած եմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում մենք կարճ ժամանակում համատեղ ծրագրերի օրակարգ մշակելու իրական հնարավորություն ունենք»,- նշեց Մանե Թանդիլյանը։