Նախարարն ընդունել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

0
94

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինին:

Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ՝ նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանի փորձառությունն ու նոր մոտեցումները կնպաստեն հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Ռուսաստանի դեսպանի պարտավորությունների ստանձնումը Հայաստանում մեծագույն առաքելություն է և ներկայացրել է դեսպանության կողմից իրականացվող սոցիալական ուղղվածության ծրագրերը:

Նախարար Մանե Թանդիլյանը ներկայացրել է Հայաստանում սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, կենսաթոշակային համակարգի ընդհանրություններն ու մարտահրավերները ԵԱՏՄ շրջանակներում։ Նա նշել է, որ առկա մարտահրավերների ուղղությամբ իրականացվում են երկկողմ շահագրգիռ քննարկումներ և աշխատանքներ` փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու համար։

Հանդիպման ավարտին դեսպանը հաջողություններ է մաղթել և նշել, որ իր լիազորությունների շրջանակում կապերի ամրապնդման և իրականացվող ծրագրերի աջակցման համար կանի առավելագույնը: