Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հուլիսի 11-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:
Քննարկման ընթացքում կազմակերպության անդամները ներկայացրել են այլ երկրներում ներդրված կուտակային կենսաթոշակային համակարգի առավելություններն ու բացթողումները, ինչպես նաև իրենց կողմից կատարված հետազոտությունների արդյունքները:
Նախարար Մանե Թանդիլյանն էլ իր հերթին խոսել է գործող կենսաթոշակային համակարգի և սպասվող փոփոխությունների մասին: Նա նշել է, որ գործընկերների կողմից տրամադրված տեղեկատվությունը հնարավորություն կտա կենսաթոշակային համակարգում իրականացվող բարեփոխումները դիտարկել մեկ այլ տեսանկյունից:
Հանդիպման ավարտին Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել համապատասխան գիտելիքներով և գործիքակազմով աջակցելու նախարարությանը, որպեսզի Հայաստանն ունենա արդյունավետ և բոլորի կողմից ընդունելի կուտակային կենսաթոշակային համակարգ: