Քննարկման սեղանին անվասայլակների և լսողական սարքերի ձեռքբերման խնդիրներն են

0
167

Հուլիսի 11-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ լայն քննարկում՝ «Պետական հավաստագրերով տրամադրվող անվասայլակների և լսողական սարքերի ձեռքբերում» թեմայով: Քննարկման մասնակիցները հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպություններն էին, երեխաների ծնողներ, հավաստագրեր և աջակցող սարքեր տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկման սկզբում ԱՍՀ նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը հանդես եկավ ողջույնի խոսքով․ «Շնորհակալ եմ քննարկմանը ներկա լինելու համար: Մեր այս հանդիպումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկում ենք քննարկվելիք թեմաների մասին խոսել առավել դիպուկ՝ հիմքում դնելով պետական հավաստագրերով տրամադրվող անվասայլակների և լսողական սարքերի ձեռքբերման ընթացքում առաջացած խնդիրների, դրանց լուծման համար առաջարկվող ուղղությունների փաստարկները»,- նշեց Զարուհի Բաթոյանը:

ԱՍՀ նախարարությունը պետական հավաստագրերով տրամադրվող անվասայլակների և լսողական սարքերի տրամադրման փորձի մեկնարկը տվել է 2017 թվականի աշնանը, որի գլխավոր նպատակն է շահառուին տրամադրել իր իրավիճակին համապատասխան լսողական սարք կամ անվասայլակ: Պետական հավաստագրերի ներդրման մեկ այլ նպատակ է սարքերի որակի բարելավումը՝ ի հաշիվ անվասայլակներ և լսողական սարքեր  տրամադրող ընկերությունների միջև մրցակցության: Այս համակարգի ներդրումը թույլ է տվել նաև 1 սպասարկման վայրի փոխարեն ստեղծել սպասարկման 22 սրահներ Երևանում և մարզերում, 5-6 անուն անվասայլակների փոխարեն ունենալ 70 անուն անվասայլակ, իսկ լսողական 2 անուն սարքերի փոխարեն՝ 40 անուն սարք: Այս ամենին գումարվում է 3 տարվա երաշխիք՝ 1 տարվա փոխարեն:

Սակայն, ըստ քննարկման մասնակիցների, վերոնշյալ դրական փոփոխություններին զուգահեռ առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք կարելի է բաժանել պայմանական երկու խմբի: Առաջին խմբի խնդիրներն հիմնականում առնչվում են տեխնիկական խոչընդոտներին, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող անձի բնակության վայրից անվասայլակների և լսողական սարքերի տրամադրման տեղի հեռավորությունը, անհրաժեշտ սարքի փոփոխության ժամկետն ու ընթացքը, եթե սարքը շարքից դուրս է եկել բնական մաշվածության պատճառով, չկան վերանորոգման ծառայություններ, հաշմանդամություն ունեցող տարեց անձինք չեն կարող երկար ճանապարհ անցնել և անհրաժեշտ սարքը ձեռք բերել, մարզերում կա տեղեկատվության պակաս և հաշմանդամություն ունեցող բազմաթիվ մարդիկ տեղեկացված չեն, որ կարող են դառնալ ծրագրի շահառու:

Երկրորդ խմբի խնդիրները քննարկման մասնակիցները տեսնում են հավաստագրերի տրման շառավիղներն ավելացնելու ուղղությամբ: Նրանք առաջարկում են ստեղծել այնպիսի հանձնաժողով, որը կլինի չեզոք և կորոշի, ի՞նչ տեսակի և չափանիշների անվասայլակի կամ լսողական սարքի կարիք ունի շահառուն: Քննարկման մասնակիցները նշում են, որ եթե ստեղծվի իրենց առաջարկած հանձնաժողովը, հնարավոր կլինի խուսափել մեկ այլ խնդրից ևս, այն է՝ բազմաթիվ մարդիկ այլևս չեն ստանա անվասայլակ կամ լսողական սարք, որի կարիքն իրականում չունեն: Փոխարենը, այդ սարքերը կհասնեն իրական շահառուներին:

Քննարկման ավարտին ԱՍՀ նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն ամփոփեց հանդիպումը՝ նշելով, որ բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկները կքննարկվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

«Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հանդիպումներ կկազմակերպվեն առանձին խմբերի կարիքները հասկանալու համար. մենք ցանկանում ենք հավաստագրման գործընթացով տրամադրվող սարքերի տեսակներն ավելացնել, իսկ այս գործընթացից քաղած դասերը մենք պետք է կիրառենք նաև մյուս աջակցող սարքերը տրամադրելիս»։