«Հավասար հնարավորություններ ապահովելու ճանապարհին» ցուցահանդեսի բացում

0
79

1992 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հայտարարեց Հաշմանդամների միջազգային օր, և Հայաստանն արդեն 16-րդ տարին է, ինչ պետական մակարդակով նշում է այն:
2008թ. դեկտեմբերի 3-ին Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հայտարարած միամսյակի շրջանակներում բացվեց «Հավասար հնարավորություններ ապահովելու ճանապարհին» թեմայով ցուցահանդես, որին մասնակցում էին Առաջին տիկին Ռ.Սարգսյանը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը, պետական տարբեր գերատեսչությունների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր:
Ցուցահանդեսի բոլոր տաղավարները պատրաստվել էին ըստ թեմաների /իրավական դաշտ, քաղաքաշինական լուծումներ, կրթություն, սպորտ, զբաղվածություն, համայնքային ծառայություններ, վերականգնողական պարագաներ և այլն/, դրանց ձևավորմանը մասնակցել էին ինչպես պետական կառավարման շահագրգիռ մարմիններ, այնպես էլ ոլորտում գործող մեծաթիվ հասարակական կազմակերպություններ:
Միջոցառման կազմակերպման հիմնական նպատակն էր` ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ցույց տալ այն ճանապարհը, որով մեր երկիրը քայլ առ քայլ գնում է առաջ, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը և ի վերջո ստեղծել հասարակություն, որտեղ բոլորը կունենան հավասար հնարավորություններ: