Հուլիսի 19-ին տեղի ունեցավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը: Նիստի առաջին հատվածում, հաշվի առնելով, որ անդամների մի մասն առաջին անգամ էր մասնակցում նիստին, նախատեսված էր ճանաչողական հատված: Համառոտ ներկայացվեցին հանձնաժողովի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև մասնակիցների գործառույթներն ու դերը հանձնաժողովում:
Նոր նախարարի նշանակումից հետո առաջին անգամ գումարված նիստի օրակարգում ընդգրկված հարցերից առաջինը գործող կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու կամ նոր Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր կնքելու նպատակահարմարության հարցն էր: Քննարկման ընթացքում հնչեցին ինչպես պայմանագիրը երկարացնելու, այնպես էլ նորը կնքելու տեսակետներ:
Մասնավորապես, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը առաջարկեց կնքել նոր պայմանագիր, իսկ հանձնաժողովի նախագահությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցել ՀՀ կառավարություն:
Նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ այս կապակցությամբ առարկություններ չունի և առաջարկեց հանձնաժողովին լիազորել Գագիկ Մակարյանին քննարկելու հարցը ոլորտը համակարգող փոխվարչապետի հետ։
Հանձնաժողովի քննարկման հաջորդ հարցը վերաբերում էր աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությանն առնչվող խնդիրներին։ Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը անդամներին ներկայացրեց ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված նախարարության մոտեցումները: Որոշում կայացվեց առաջարկվող լուծման տարբերակների վերաբերյալ ստանալ նաև անդամների գրավոր առաջարկությունները և ներկայացնել ՀՀ կառավարություն:
Հանձնաժողովի նիստի վերջին հարցը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին համաձայնագրի քննարկմանը: Անդամները բարձրաձայնեցին համաձայնագրով նախատեսվող գործողությունների կարևորությունը։ ՀՀ ԱՍՀՆ միաջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետ Անահիտ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ համաձայնագրի իրականացման ընթացակարգերի աշխատանքային տարբերակն արդեն իսկ պատրաստ է և մինչ բուլղարական կողմին ներկայացնելը կուղարկվի հանձնաժողովի անդամներին՝ կարծիքների և դիտարկումնների հավաքագրման ու լրամշակման համար։