Կայացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

0
369

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի նախագահությամբ հուլիսի 20-ին կայացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը:

Ողջունելով խորհրդի անդամներին նախարարը նշել է, որ օրակարգը ձևավորվել է հիմքում ունենալով նախարարության առջև դրված առաջնահերթությունները:

«Մենք ցանկանում ենք ակտիվացնել բոլոր ծրագրերն ու աշխատանքները, որպեսզի հասնենք լիարժեք արդյունքների: Պետք է երեխաներին մանկատներից վերադարձնել ընտանիքներ, աջակցել բազմազավակ ընտանիքներին և լուծել պետության համար առաջնային համարվող ժողովրդագրական խնդիրները: Կարևոր եմ համարում նմանատիպ քննարկումները, որպեսզի այն տեսլականը, որ մենք ունենք սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության միջոցով կարողանանք դարձնել իրականություն: Համոզված եմ, որ առողջ քննադատության և համատեղ աշխատանքի միջոցով կունենանք այնպիսի օրենքներ և որոշումներ, որոնք կնպաստեն մեր երկրի քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը»,- ընդգծել է Մանե Թանդիլյանը:

Խորհրդի անդամ Միրա Անտոնյանը մասնակիցներին ներկայացրել է խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, որակավորման և երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Մանրամասն ներկայացրել է այն հիմնական դրույթներն ու չափանիշները, որոնցով կարգավորվում են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց իրավունքներն ու պարտականությունները: Տիկին Անտոնյանը խոսել է Հայաստանում ներդրված խնամատարության ինստիտուտի զարգացման փուլերի, իրականացված աշխատանքների, ինչպես նաև թերությունների ու բացթողումների մասին:

Այնուհետև,  հանդիպման մասնակիցներին նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրել է «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մշակված օրենսդրական ակտով կարգավորվում են սոցիալական աշխատանքի սկզբունքները, սոցիալական աշխատանքի մասնագետների իրավունքները, պարտականություններն ու գործունեության երաշխիքները, ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների հավաստագրման, վերապատրաստման, սուպերվիզիայի իրականացման հետ կապված հարաբերությունները: Բանախոսը մատնանշել է օրենքի հիմնական սկզբունքներն ու առաքելությունը, այն է՝ սոցիալական աշխատանքը բառակապակցություն չէ, այլ գիտություն և մասնագիտություն և սոցիալական աշխատողը ոչ թե բարի ու կրթված մարդն է, այլ պրոֆեսիոնալ մասնագետ, ում կայացրած որոշումները վերաբերում են մարդու ճակատագրին:

Ներկայացված նախագծերի հետ կապված խորհրդի անդամների կողմից բարձրաձայնվել են բազմաթիվ առաջարկություններ, նոր մոտեցումներ և դիտարկումներ, որոնք գրավոր կներկայացվեն նախարարությանը և անհրաժեշտության դեպքում կներառվեն փաստաթղթերում:

Նիստի ընթացքում նախարարի և խորհրդի անդամների կողմից որոշում  է ընդունվել նաև ապահովել խորհրդի հաջորդ նիստերի աշխատանքների առցանց  հեռարձակումը, որը կիրականացնի «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը:

Ամփոփելով նիստի աշխատանքները նախարար Մանե Թանդիլյանը ևս մեկ անգամ կոչ է արել խորհրդի անդամներին ցուցաբերել ակտիվություն, բարձրաձայնել ոլորտին վերաբերող ցանկացած հարց և խնդիր, քանի որ նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի առկա խնդիրներին լուծումներ տրվեն պետություն-հասարակություն ակտիվ համագործակցության արդյունքում: