Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
76

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամանական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին: Շնորհավորելով նախարարության ստեղծման 90-ամյակի առթիվ, պարոն դեսպանը նշեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները ենթադրում են աշխատանքի հարցերով զբաղվող նախարարությունների ավելի սերտ համագործակցություն: Լավատեղյակ լինելով ԻԻՀ աշխատանքի նախարարության գործունեությանը` պարոն Սաղայանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող աշխատանքները և այն ձեռքբերումները, որոնք ըստ նրա` կարող են հետաքրքրել հայկական կողմին: Մասնավորապես` միջնակարգ մասնագիտական հաստատություններում որակյալ բանվորական կադրերի պատրաստման, նրանց աշխատանքի տեղավորման, հաշմանդամների խնամքի և զբաղվածության խնդիրների, աշխատանքը կորցրած մարդկանց սոցիալական ապահովության և ապահովագրության ոլորտներում իրանական կողմն ունի հարուստ փորձ և պատրաստ է այն կիսել բարեկամ երկրի հետ: Պարոն Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության պատրաստակամության համար, նշելով, որ 2005թ. երկու երկրների նախարարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա պատրաստվել է միջկառավարական համաձայնագիր, որի լրամշակված տարբերակը մոտ ժամանակներս կտրամադրվի իրանական կողմին: Համաձայնագրի ստորագրումից հետո հնարավոր կլինի ավելի սերտ համագործակցել դեսպանի նշած ոլորտներում, ինչպես նաև կանոնակարգել ՀՀ-ում աշխատող Իրանի և համապատասխանաբար` Իրանում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային իրավահարաբերությունների հարցը: Նախարարը համոզմունք հայտնեց, որ արդեն իսկ դրված հիմքի վրա երկու նախարարությունները հաջողությամբ կշարունակեն փոխշահավետ համագործակցությունը: Ջերմ, բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ այլ հարցեր: