Ոսկու շուկայի խնդիրները` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում

0
133

«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող` Խորենացու փողոցի վրա գտնվող ոսկու շուկայում աշխատող մարդկանց աշխատանքային պայմաններին եւ դժգոհություններին ծանոթանալու նպատակով ոսկու շուկա կատարած ՀՀ վարչապետի շրջայցին հետևել են հանձնարարականներ` ուղղված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Համաձայն հանձնարարականի` ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը պետք է ուսումնասիրություններ անցկացներ շուկայում` աշխատանքային պայմանների խախտումները փաստացի արձանագրելու եւ օրենսդրության պահանջներին համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով: Իրականացված հնգօրյա ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքում տեսչության պահանջով «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի կողմից մշակվել և ներկայացվել ընկերությանը պատկանող տոնավաճառի տարածքում աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները բարելավելու` 13 կետից բաղկացած միջոցառումների ծրագիր:
Համաձայն ծրագրի` սեփականատերը պարտավորվում է մեկամսյա ժամկետում վերացնել արձանագրված բոլոր թերությունները, մասնավորապես` անհապաղ դադարեցնել տոնավաճառի շենքի նկուղային հարկում կազմակերպված արտադրամասերի գործունեությունը, մինչև ս/թ մարտի 1-ն ավարտել առողջության համար անվտանգ հարկերում գործատուներին համապատասխան տարածքներ տրամադրելը, մինչև ս/թ փետրվարի 5-ն ապահովել առաջին բուժօգնության համար անհրաժեշտ միջոցները, արգելել ինքնաշեն էլեկտրական սարքավորումների օգտագործումը, վաճառք և սպասարկում իրականացնող անձանց ապահովել անվանաքարտերով, մինչև փետրվարի 20-ը արտադրական տարածքներում տեղադրել օդափոխիչ սարքեր, ապահովել բնական լուսավորություն, առևտրի կազմակերպման սրահներից և միջանցքներից բացել լրացուցիչ ելքեր, բոլոր գործատուներին տրամադրել օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի փաթեթներ /աշխատանքային պայմանագրեր, պայմանագրերի գրանցամատյան, աշխատաժամանակի և աշխատավարձի հաշվարկի տեղեկագրեր և այլն/: Նախատեսված է նաև մինչև ս/թ մարտի 1-ը արտադրական տարածքներում տեղադրել հակահրդեհային սարքեր, ապահովել մշտական ջրա և էներգամատակարարում: Ծրագրի վերջին կետով նախատեսվում է վերանայել ՍՊԸ-ի և գործատուների միջև կնքված վարձակալության պայմանագրերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունը մարտի սկզբին տոնավաճառի տարածքում կանցկացնի նոր ստուգումներ և արդյունքների մասին կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն: