Քննարկվում են Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության գործառույթները վերակազմակերպումից հետո

0
299

Օգոստոսի 1-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ նվիրված Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության վերակազմակերպման գործընթացին։ Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանի հրավերով հանդիպմանը մասնակցում էին հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Արշակյանը, Կոտայքի մարզի՝ ոլորտին առնչվող պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիպման հիմնական նպատակը Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության վերակազմակերպմանն առնչվող խնդիրների քարտեզագրումն ու հաստատության գործունեության հետագա ուղղվածությունն ու ձևաչափերը քննարկելն էր։

Այս պահին հաստատության շահառու են 40 երեխա, որոնցից 7-ը ամեն երեկո վերադառնում է տուն։ ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանն ընդգծեց երեխաների՝ ընտանիքում մեծանալու հնարավորության կարևորությունն ու հավելեց․ սա պետք է լինի ոլորտային քաղաքականության առաջնային հարցերից մեկը։

«Կարծում եմ՝ այս հարցում պետք է զգույշ լինենք։ Իհարկե կարևոր է, որ երեխաները հնարավորություն ստանան վերադառնալու իրենց կենսաբանական ընտանիքներ, սակայն այդ գործընթացից առաջ անհրաժեշտ է առանձնակի ուշադրությամբ ուսումնասիրել երեխայի և ընտանիքի կարիքներն ու որոշումներ ընդունելիս միշտ հաշվի առնել երեխայի լավագույն շահը։ Կարիքի ճիշտ գնահատման ու անհրաժեշտ ծառայությունների մատուցման միջոցով միայն կարելի է ապահովել երեխաների վերջնական վերադարձը ընտանիք»,- նշեց Արսեն Մանուկյանը։

Քննարկման մասնակիցները բարձրաձայնեցին նաև Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության այն շահառու երեխաների խնդիրը, որոնց համար խիստ ռիսկային է ընտանիքներ վերադառնալը։ Ըստ բանախոսների՝ պատճառների հիմնական մասը կենցաղային են, սակայն քիչ չեն նաև ծնողավարմանն առնչվող խնդիրները։ Մասնակիցները ներկայացրին մի շարք առաջարկներ, որոնց իրականացումը հնարավորություն կընձեռի շահառու երեխաներին հետագայում խուսափել վերոհիշյալ խնդիրների զգալի մասից։

Ներկաները քննարկեցին նաև, թե ինչ գործառույթներ ու աշխատանքային ուղղվածություն պետք է ունենա հաստատությունը վերակազմակերպվելուց հետո, որպեսզի կարողանա բավարարել համայնքի ու մոտակա բնակավայրերի երեխաների սոցիալական ծառայություններին առնչվող կարիքները։

Ներկաները առաջնային համարեցին նաև ծնողների հետ աշխատանքը: Փորձագետները համոզված են՝ ծնողներին անհրաժեշտ գիտելիքն ու հմտությունները փոխանցելը միանշանակ կնպաստի ընտանիք վերադարձած երեխաների կյանքի որակի բարձրացմանը։

Առաջարկվեց Բյուրեղավանում ստեղծել ցերեկային կենտրոն, որտեղ շահառու երեխաները հնարավորություն կունենան անցկացնել օրն ու ստանալ կրթական և սոցիալական ծառայություններ՝ ծնողներին տալով նաև աշխատելու հնարավորություն։ Մասնակիցները կարևորեցին  հատկապես տարբեր արհեստների ուսուցման միջոցով մասնագիտական կողմնորոշման հարցը։

Հաստատության վերկազմակերպումն ընթացքի մեջ է, քննարկումները շարունակվում են։