Ուսումնասիրվել են Արցախի Հանրապետության ժողովրդագրական հիմնախնդիրները

0
184

Ժողովրդագրական վիճակի և զարգացումների համակարգված ուսումնասիրությունը և զարգացման քաղաքականության լուծումների բացահայտումը Արցախում խիստ կարևորություն ունեցող հիմնախնդիր է՝ կապված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կայուն հիմքերի և անվտանգության ապահովման հետ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի և Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից իրականացվել է «Արցախի Հանրապետության ժողովրդագրական հիմնախնդիրների ուսումնասիրություն. զարգացման ուղիներ» թեմայով հետազոտությունն, որի արդյունքները հանրայնացվել են հուլիսի 24-ին ԱՀ-ում։

Նշված հետազոտությունը վերաբերում է ժողովրդագրության խնդիրներին և բացառիկ է այն իմաստով, որ իրականացվել է առաջին անգամ և բացահայտված խնդիրներն ու դրանց արդյունքում ներկայացված լուծումները ունեն գործնական նշանակություն։

Հետազոտության հիմնական նպատակն էր բացահայտել ԱՀ-ում ժողովրդագրական վիճակի վրա ազդող մի շարք կարևոր գործոնների, մասնավորապես բնակչության միգրացիոն տրամադրվածության և ծնելիության հետ կապված խնդիրները, ինչպես նաև ուսումնասիրել և վերլուծել ժողովրդագրական գործոնների դինամիկայի պատճառահետևանքային կապերը և ներկայացնել դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

Իրականացվել են Արցախի տնային տնտեսությունների և փորձագիտական հարցումներ։ Փորձագիտական աշխատանքներն իրականացվել են հարցումների կառավարման առցանց համակարգով՝ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ժողովրդագրության վարչության կողմից ընտրված Արցախի 50 փորձագետի շրջանում:

Տնային տնտեսություններում հարցումները փաստացի իրականացվել են Արցախի բոլոր շրջանների 614 ընտանիքում և այդ ընտանիքների 2070 չափահաս անդամների շրջանում:

Իրականացված հետազոտությունից ստացված արդյունքները և մշակված առաջարկությունների փաթեթը կոչված է նպաստելու Արցախում ժողովրդագրության զարգացման խնդիրների հասցեական և արդյունավետ լուծման տարբերակների մշակմանը: