Ավարտվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ Եվրոպական տարածաշրջանային ութերորդ հանդիպումը

0
131

Չորս տարին մեկ պարբերականությամբ անցկացվող տարածաշրջանային հերթական` Լիսաբոնյան հանդիպմանը մասնակցում էին շուրջ 50 երկրների եռակողմ պատվիրակություններ: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը, Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Անահիտ Մարտիրոսյանը:

Հանդիպման օրակարգում հետևյալ թեմաներն էին. տնտեսական իրավիճակ և զբաղվածություն, աշխատավարձի հետ կապված նոր մարտահրավերներ, աշխատանքի հիմնարար իրավունքներ, աշխատաշուկայի քաղաքականություններ, կյանքի որակ և սոցիալական պաշտպանություն, սոցիալական գործընկերություն:

Մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց և քննարկվեց ԱՄԿ Գլխավոր տնօրենի զեկույցը, ներկայացվեցին տարբեր երկրներում նշված ոլորտներում իրականացվող բարեփոխումները, առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները և ԱՄԿ անդամակցության շրջանակներում համագործակցության հետագա հնարավոր միջոցառումները:

Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի Հանարապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա Համբարձումյանը: Նա նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկված քայլերը մեծապես նպաստել են երկրում արժանապատիվ աշխատանքի պայմանների ապահովմանը:
Ընթացքում են աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները, աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները սահմանող նորմատիվ ակտերի մշակումը:
Մեծածավալ բարեփոխումներ են իրականացվել զբաղվածության պետական կարգավորման ուղղությամբ, ներդրվել են աշխատաշուկայի նոր ակտիվ ծրագրեր` ուղղված աշխատաշուկայում ճկունության և ապահովության համադրմանը:
Ընթացքում են նվազագույն աշխատավարձի սահմանման քաղաքականության մշակման, միգրացիոն քաղաքականության բարելավման աշխատանքները:
Ոլորտում պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և հասանելիության ապահովման նպատակով միջոցներ են ձեռնարկվում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրման, համապատասխան ինստիտուցիոնալ և վարչական կարողությունների ամրապնդման ուղղությամբ:
Կառավարության ուշադրության կենտրոնում է նաև գենդերային հավասարության ապահովման հարցը և այն դիտարկվում է որպես կառավարության գործունեության ծրագրի առաջնահերթություններից մեկը:
Վերոնշյալ հարցերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված 2008-2021թթ. Կայուն զարգացման ծրագրի գերակա ուղղություններից և դրված են իրականացվող բարեփոխումների հիմքում:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն զարգացման ռազմավարության մշակումը, որը կարտացոլի ոլորտի զարգացման միասնական քաղաքականությունը, գերակայությունները, քայլերի հաջորդականությունը և երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:
Այս առումով պարոն Համբարձումյանն ընդգծեց սոցիալական գործընկերների արդյունավետ ներգրավվածության հանգամանքը և երկրում արժանապատիվ աշխատանքի պայմանների ապահովման նկատառումով սոցիալական գործընկերության ինստիտուտի զարգացմանն ուղղված եռակողմ ջանքերը: Արդեն իսկ մշակվել է Հանրապետական կոլեկտիվ պայմանգրի նախագիծը, որը շուտով կհաստատվի:

Անդրադառնալով Աշխատանքի միջազգային կազմակերպությանը, նախարարն առանձնահատուկ կարևորեց բարեփոխումների գործընթացում կազմակերպության դերակատարումը: 2007թ-ին ստորագրված “Արժանապատիվ աշխատանք” ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները մեծապես նպաստել են Հայաստանի կառավարության և սոցիալական գործընկերների կողմից գործադրվող ջանքերին` ուղղված աշխատանքի հիմնարար սկզբունքների պահպանմանը, զբաղվածության ապահովմանը, սոցիալական պաշտպանության նպատակային քաղաքականության իրականացմանը, տնտեսական մարտահրավերների դիմագրավմանը:
Ելույթի վերջում նախարարը ՀՀ կառավարության և սոցիալական գործընկերների անունից շնորհակալություն հայտնեց Աշխատանքի միջազգային կազմակերպությանը` ցուցաբերած համագործակցության և աջակցության համար, որի շնորհիվ հնարավոր է դառնում երկրում իրականացվող բարեփոխումները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և վստահություն հայտնեց, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակի նպաստել ԱՄԿ չափանիշներին համապատասխան հետագա բարեփոխումների իրականացմանը և ներկա տնտեսական ճգնաժամի հետևանքների նպատակային հաղթահարմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն առանձին հանդիպում ունեցավ ԱՄԿ Գլխավոր տնօրեն պարոն Խուան Սոմավիայի հետ, որի ընթացքում քննարկվեցին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ԱՄԿ «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները:
Հաշվի առնելով տնտեսական ճգնաժամի հետևանքով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առաջացած մարտահրավերները` նախարարն առաջարկեց վերանայել Հայաստան-ԱՄԿ համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները, մասնավորապես` «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի համատեքստում, որպեսզի դրանք առավելագույնս ուղղվեն արդի կարիքների և խնդիրների նպատակային լուծմանը: Գլխավոր տնօրենը պատրաստակամություն հայտնեց ԱՄԿ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունն և համագործակցությունն առավելապես ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունավետ իրականացմանը և ձեռնարկված ջանքերի աջակցմանը: Գլխավոր տնօրենի հանձնարարությամբ ԱՄԿ տարածաշրջանային գրասենյակը կաշխատի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սոցիալական գործընկերների հետ` հետագա քայլերն հստակեցնելու նպատակով:
Նախարարը հանդիպեց նաև ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային տնօրեն տիկին Պետրա Ուլշոֆերի և ԱՄԿ Մոսկվայի գրասենյակի ղեկավարի պաշտանակատար Մարտինա Լուբյովայի հետ: Հանդիպման ընթացքում առավել հանգամանալից քննարկվեցին այն հարցերը, որոնց հետ կապված ակնկալվում է ԱՄԿ աջակցությունը, մասնավորապես` աջակցություն աշխատանքի և զբաղվածության ոլորտում ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, օրենսդրության բարելավմանը, ոլորտում անհրաժեշտ հետազոտությունների և վերլուծությունների կատարմանը, զբաղվածության ծառայությունների և աշխատանքի տեսչության կարողությունների զարգացմանը, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով անձնակազմի վերապատրաստումների անցկացմանը: Քննարկվեցին նաև աշխատաշուկայում խոցելի խմբերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի /մասնավորապես` միկրովարկային/ իրականացման, սոցիալական ձեռնարկությունների ստեղծման և այլ հարցեր: Երկուստեք կարևորվեց ընթացող բարեփոխումներում սոցիալական գործընկերության ինստիտուտի զարգացման, արհեստակցական և գործատուների միությունների կարողությունների հզորացման հարցը` հատկապես հաշվի առնելով ԱՄԿ եռակողմության սկզբունքը:
Տիկին Ուլշոեֆերը և տիկին Լուբյովան պատրաստակամություն հայտնեցին ցուցաբերել անհրաժեշտ աջակցության և այսուհետ ևս շարունակել ձևավորված համագործակցության ավանդույթները: