Օգոստոսի 11-ին ՀՀ տարբեր մարզերի 60-ից ավելի երիտասարդներ ու պատանիներ Գյումրիում էին՝ մասնակցելու Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին։ Մինչ քայլերթի ու գունավոր փառատոնի մեկնարկը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մասնակիցները զրուցեցին այսօրվա երիտասարդի վաղվան ուղղված ծրագրերի ու երազանքների մասին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի աջակցությամբ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակը պետության առանձնահատուկ հոգածության կարիք ունեցող երիտասարդների միջև սոցիալական նոր կապերի ստեղծումն ու զարգացումն էր։
«Երիտասարդները մեր երկրի ամենաարժեքավոր ռեսուրսներից են։ Պետությունը պետք է ստեղծի բոլոր նախապայմանները նրանց ինքնադրսևորման ու զարգացման համար, իսկ սոցիալական ծառայությունները պետք է դառնան արդյունավետ ներդրում ոչ միայն այդ պատանիների ու երիտասարդների, այլև մեր երկրի ապագայի համար»,- նշեց նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը՝ հավաստելով, որ նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական։
Կազմակերպիչները շեշտում են՝ երեխաների ձայնը պետք է լսելի լինի, ու ոչ ֆորմալ հանդիպումները նրանց՝ պետության հետ անկեղծ երկխոսության բերելու լավագույն ձևաչափերից է։
«Հանդիպման այս ֆորմատը հրաշալի միջոց է ստեղծելու մի միջավայր, որտեղ երեխաները կարող են պետությանն ու իրենց համար պատասխանատու կառույցներին փոխանցել իրենց մտահոգություններն ու ցանկությունները, հնարավորություն ունենան ազդելու իրենց առնչվող որոշումների վրա»,- նշեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության ծրագրի համակարգող Արտակ Շաքարյանը։
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ավարտելով զրույց-քննարկումը, պատանիներն ու երիտասարդները ուղևորվեցին Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղից էլ մեկնարկեց քայլերթն ու հեծանվաերթը դեպի Գյումրու Թատերական հրապարակ։ Այստեղ էլ տոնական դարձած օրը շարունակվեց գունավոր փառատոնով։
Մասնակիցների զգացողություններն ու ապրումները՝ կցված լուսանկարներում։