Նախարարն այցելել է համալիր սոցիալական ծառայության կենտրոններ

0
604

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է համալիր սոցիալական ծառայությունների Աջափնյակի և Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կենտրոններ։

Աշխատանքային այցին մասնակցում էին նաև նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, Սոցիալական ապահովության ծառայության պետ Արման Բոշյանը, ոլորտին առնչվող այլ պաշտոնյաներ։

Նախարարության պատվիրակությունը նախ այցելել է արդեն գործող Աջափնյակի տարածքային կենտրոն։ Նախարար Մանե Թանդիլյանն անձամբ շրջել է տարածքային կենտրոնում, շփվել աշխատակիցների հետ, ծանոթացել խնդիրներին և լսել դրանց լուծմանն ուղղված աշխատակիցների տարբերակները։

Ապա պատվիրակությունն այցելել է համալիր սոցիալական ծառայությունների Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կենտրոն։ Այս դեպքում կենտրոնի շենքը նոր է պատրաստվում գործարկման։ Շենքում նոր-նոր տեղավորվող ծառայությունների աշխատակիցները նախարարին են ներկայացրել Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի բովանդակային և տվյալ կենտրոնին առնչվող տեխնիկական խնդիրները։

Համալիր կենտրոնները գործում են Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի շրջանակում։ Համակարգը ենթադրում է սոցիալական 4 ծառայությունների (սոցիալական ապահովության տարածքային բաժին, զբաղվածության տարածքային կենտրոն, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, սոցիալական աջակցության տարածքային գործակալություն) տեղակայում մեկ վայրում: Համակարգի շնորհիվ սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները նախատեսվում է ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու և ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները։ Այն հնարավորություն կընձեռի սոցիալական կարիքին վերաբերող դիմումի ստացման դեպքում տրամադրել անհատական կարիքներից և կոնկրետ իրավիճակիից բխող մեկ համալիր պատասխան։