2011թ. փետրվարի 24-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը Կառավարության նիստում ներկայացրեց “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացավ հավանության: Փոփոխությունները կատարվել են` հաշվի առնելով շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքները:
Նպաստները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից: Բացառությամբ վարձու աշխատողին տրվող հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելու դեպքի, եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի (այսուհետև` նվազագույն ամսական աշխատավարձ) հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սահմանված կարգով:
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացույցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացույցային ամիսների համար վճարված եկամուտը:
Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում, կառավարության սահմանած կարգով, հաշվի է առնվում նաև մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը այլ գործատուների կողմից վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվում:
Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության և ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի բոլոր աշխատանքային օրերի թվով:
5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը (եկամուտը) բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացույցային օրերի թվով:
Այս նախագիծն ընդունվելու դեպքում.
ա) սահմանվում է, որ նպաստը վճարվում է նաև ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար` պահպանելով դրա չվճարումը ընդհանուր հանգստյան (շաբաթ և կիրակի) օրերի համար (վերացվում է նախկինում կատարված բացթողումը):
բ) Վերացվում է վարձու աշխատողներին վճարվող հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը (առավելագույն շեմը պահպանվում է մյուս նպաստների համար)` ըստ այդմ վերանայելով նաև վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը (արդյունքում` վերջին 12 ամիսների ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված անձի կորցրած եկամուտը կփոխհատուցվի 100 տոկոսով):
գ) Սահմանվում է, որ անհատ ձեռնարկատիրոջ նպաստը վճարվում է նպաստի համար դիմելու ամսվա վերջին օրվա դրությամբ հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները կատարելուց հետո: Միաժամանակ, հնարավորություն է տրվում անհատ ձեռնարկատիրոջ դիմումի հիման վրա, նպաստի համար դիմելու ամսվա վերջին օրվա դրությամբ հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները հաշվանցել վճարման ենթակա նպաստի դիմաց` վճարելով նպաստի մնացած մասը: Իսկ փոփոխություններին հետադարձ ուժ տալով` նախատեսվում է, որ գործող օրենքի հիման վրա նշանակված հղիության և ծննդաբերության նպաստները կվերահաշվարկվեն նոր կարգով: Եթե վերահաշվարկված նպաստի չափը բարձր է նախկինում նշանակված (վճարված) հղիության և ծննդաբերության նպաստի չափից, ապա շահառուին կվճարվի տարբերությունը:
Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: