Ստորև ամփոփ ներկայացված են մայիսի 12-ից օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացված աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը։
- ՀՀ կառավարության կողմից Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգի և գործառույթների հաստատում:
- Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման կարգի (դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիր) հաստատում և գործարկում:
- Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանն ուղղված քաղաքականության շրջանակում շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմավորման և այնտեղ խնամվող երեխաների խնամքը այլընտրանքային ծառայությունների միջոցով կազմակերպելու գործընթացի իրականացում:
- Այցելություններ մանկատներ, մանկական կենտրոններ՝ ոլորտի խնդիրներին տեղում ծանոթանալու և արդյունավետ լուծում տալու նպատակով:
- Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50.000 դրամի փոխարեն 150.000 դրամ սահմանելու վերաբերյալ առաջարկի ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը:
- Նպաստների համակարգի հասցեականության վերանայման և նպաստառուների ցանկի ճշգրտման նպատակով նոր գործիքակազմի ներդրման գործընթացի մեկնարկ՝ վարկերի և ավանդների մասին տեղեկատվության միջոցով:
- Սոցիալական ապահովության ոլորտում աջակցության, փորձի փոխանակման, համագործակցության նպատակով հանդիպումներ միջազգային կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, ՄԱԿ, Վորլդ Վիժն և այլն) հայաստանյան գրասենյակների ղեկավարների, ներկայացուցիչների հետ:
- Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ակտիվացմանն ուղղված միջոցառումների իրականացում:
- Սոցիալական աշխատանքի մասին ՀՀ օրենքի նախագծի լրամշակում, հանրային քննարկման կազմակերպում:
- Կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50 տոկոս բարձրացման (պարենային աղքատության նվազագույն շեմից բարձր) առաջարկի ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը:
- «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բարեփոխման, համակարգն ավելի գրավիչ և ընդունելի դարձնելու նպատակով Օրենքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագծի մշակում։
- Արհեստակցական միությունների ինստիտուտի զարգացմանը և աշխատանքի տեսչության վերագործարկմանն ուղղված մեխանիզմների մշակում, տեսչության գործառույթների և իրավասությունների վերանայում, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրական առաջընթաց գրանցել 100.000-ից ավելի մարդկանց՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության բարելավման գործում։
- Հանդիպումներ տեղական հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչների հետ ոլորտային խնդիրների քննարկման նպատակով:
- Քննարկումներ ոլորտային խնդիրների շուրջ հասարակական հատվածի ներկայացուցիչների, շահագրգիռ կառույցների հետ:
- Միջազգային համագործակցության ակտիվացման նպատակով հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ:
- Բժշկասոցիալական փորձաքննության համակարգի վերափոխմանն ուղղված ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում։
- Ակտիվ համագործակցություն իրավապահ մարմինների հետ` քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների վերահասցեագրում համապատասխան իրավապահ մարմիններ՝ ուսումնասիրություններ անելու և ըստ այդմ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով։
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ մասին՝ առավել մանրամասն (ըստ ոլորտների)
Սոցիալական ապահովություն
- Նպաստների հասցեականության վերանայման և ճշգրտման նպատակով նոր չափանիշների ներդրման գործընթացի մեկնարկ՝ վարկերի և ավանդների մասին տեղեկատվության միջոցով։
Նպաստների համակարգը արմատական բարեփոխումների կարիք ունի, սակայն մինչ համակարգային վերափոխումների մեկնարկը, նախարարությունը նախաձեռնել է նպաստների համակարգի հասցեականության վերանայման և նպաստառուների ցանկի ճշգրտման նպատակով նոր գործիքակազմի ներդրման գործընթաց։ Այս համատեքստում օգոստոսից գործարկվել է նպաստների համար դիմողների փաստագրման նոր կարգ, որի համաձայն դիմողը պետք է ներկայացնի երկու նոր տեղեկանք՝
- ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանք ընտանիքի չափահաս անդամների՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին,
- ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին (բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաև բանկի կողմից տրված տեղեկանք՝ ավանդի չափի և հաշվեգրված տոկոսների մասին)։
Վարկային պատմության և ավանդների մասին պահանջվող նոր փաստաթղթերից ստացված տվյալների վերլուծությունը հնարավորություն կտա նախարարությանը ֆինանսական հոսքերն ուղղել դրա կարիքն ունեցող իրական խոցելի խմբերին։ Կարևորելով նպաստների հասցեականության գործում նոր կարգի կիրարկման դերը` միաժամանակ նախարարությունը մշակում է քայլեր նոր կարգի կիրառումը դյուրացնելու և ավտոմատացնելու ուղղությամբ` նպատակ ունենալով մոտ ապագայում քաղաքացիների համաձայնությամբ ստանալ այդ տեղեկատվությունը` առանց քաղաքացիներից լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու։
- Սոցիալական աշխատանքի ինստիտուցիոնալացում․ Սոցիալական աշխատանքի մասին ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումները սկսվել են
Շարունակվում են «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ պետական գերատեսչությունների հետ: Օրենքի ընդունումը կարևորվում է սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացման գործում իր հանգուցային դերակատարմամբ։
Նախագծով նախատեսվում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Նախագծի համաձայն սոցիալական աջակցության համակարգում աշխատելու են «սոցիալական աշխատող» որակավորում ունեցող անձինք: Բացի այդ, նախատեսվում է ձևավորել մասնագիտական (պրոֆեսիոնալ) հանրություն՝ սոցիալական աշխատանքի մասնագետների հասարակական միավորում հանդիսացող պատասխանատու կազմակերպություն, որին օրենքի ուժով կվերապահվի սոցիալական աշխատանքի մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու լիազորությունները:
Կատարելագործվում է նաև սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների որակավորման գործող ընթացակարգը, մասնավորապես, ներդրվում է հավաստագրման համակարգ, որը հնարավորություն կտա նաև բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը: Միաժամանակ, մշակվում են մեխանիզմներ, որոնք նպատակաուղղված են զարգացնել նախարարության և սոցիալական աշխատողի մասնագիտական կրթություն տրամադրող ԲՈՒՀ-երի միջև համագործակցությունը։
Համակարգի հզորացումն առանցքային դերակատարություն ունի նաև Կայուն զարգացման նպատակների՝ «Չանտեսելով ոչ ոքի» սկզբունքի իրականացման գործում։
- Համալիր և որակյալ սոցիալական ծառայություններ մեկ պատուհան-ի սկզբունքով․ ինտեգրված սոցիալական ծառայության կենտրոնների ներդրման գործընթացի խթանում
Նախարարությունը ակտիվացնում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործընթացը։ Համակարգը ենթադրում է սոցիալական 4 ծառայությունների (սոցիալական ապահովության տարածքային բաժին, զբաղվածության տարածքային կենտրոն, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, սոցիալական աջակցության տարածքային գործակալություն) տեղակայում մեկ վայրում: Համակարգի շնորհիվ սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները նախատեսվում է ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու և ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները։ Այն հնարավորություն կընձեռի սոցիալական կարիքին վերաբերող դիմումի ստացման դեպքում տրամադրել անհատական կարիքներից և կոնկրետ իրավիճակից բխող մեկ համալիր պատասխան։
Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցեր
- Երեխան պետք է ապրի ընտանիքում․ շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմավորման գործընթացը շարունակվում է
Երեխայի պաշտպանության ոլորտում որդեգրած քաղաքականությունն ուղղված է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը։ Այս համատեքստում նախարարությունը շարունակում է շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմավորման գործընթացը՝ անտեղ խնամվող երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու, իսկ դրա անհնարինության դեպքում այլընտրանքային ծառայություններով նրանց խնամքը կազմակերպելու միջոցով:
Ըստ ժամանակացույցի՝ նախատեսվում է 2018 թվականի ընթացքում վերակազմավորել «Վանաձորի մանկատուն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» և «Գյումրու N 1 երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները։
2018 թվականի հուլիսին (Կառավարության N 762-Ն որոշում) «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի: Վերակազմավորման արդյունքում 56 երեխա գիշերօթիկ խնամքի հաստատությունից վերադարձել է կենսաբանական ընտանիք: Միջազգային բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում երեխաների և նրանց ընտանիքների անհատական ծրագրերի համապատասխան տրամադրվում է աջակցություն:
Գործընկեր միջազգային կազմակերպության աջակցությամբ Վանաձոր քաղաքում ստեղծվել է երեխայի խնամքի այլընտրանքային ծառայություն տրամադրող Փոքր խմբային տուն, որը իրականացնում է Վանաձորի մանկատնից այստեղ տեղափոխված առանց ծնողական խնամքի մնացած 9 երեխաների խնամքը՝ ընտանեկան միջավայրին առավել մոտ պայմաններում։
2018 թվականի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձել 136 երեխա, այդ թվում կենսաբանական ընտանիք է վերադարձել 110, որդեգրվել է 26 երեխա: Նույն ժամանակահատվածում խնամատար ընտանիքում կազմակերպվել է 29 երեխայի խնամք:
Այս ընթացքում մշակվել են նաև մի շարք իրավական ակտերի նախագծեր (խնամատարության ինստիտուտի զարգացում, որդեգրման գործընթացի թափանցիկ մեխանիզմների ներդրում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած և հաշմանդամություն ունեցող երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի մշակում), որոնք կոչված են ապահովելու երեխայի լավագույն շահի պաշտպանություն բարելավելու երեխաների խնամքի պայմանները`
- ՀայաստանիՀանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխությոն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ (https://www.e-draft.am/projects/971/about),
- Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվումառանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ (https://www.e-draft.am/projects/940/about),
- 18-23 տարեկան անձանց նկատմամբ, որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն՝ մասնագիտացված խնամատարության իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշում (https://www.e-draft.am/projects/939):
- ՀՀ-ում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները համատեքստում լրամշակման փուլում են գտնվում ստորև ներկայացված օրենսդրական նախագծերը՝
«Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, որակավորման և երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
- «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Դրանք նպատակաուղղված են խնամատարության ինստիտուտի ընդլայնմանն ու զարգացմանը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմանը՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը։
Ընտանիք՝ առանց բռնության․ բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները շարունակվում են։
Այս ընթացքում նախարարությունը մշակել և ՀՀ կառավարություն է ներկայացրել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր: ՀՀ կառավարության հուլիսի 10-ի նիստում ընդունվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Խորհրդի անդամների ընտրության մրցույթն արդեն իսկ անցկացվել է, առաջիկայում խորհրդի կազմը կհաստատվի պաշտոնապես։
Օրենքով նախատեսվում է նաև ստեղծել հիմնադրամ, որը ժամանակավորապես ֆինանսական աջակցություն կտրամադրի ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Ըստ նախագծի՝ համապատասխան իրավական ակտերի ընդունումից հետո ներդրվելու է նաև ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համակարգ։
- Խրախուսվում է 2-րդ երեխայի ծնունդը՝ միանվագ նպաստի չափը նախատեսվում է եռապատկել
Նախարարությունը մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի շրջանակում նախատեսվում է վերանայել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երկրորդ երեխայի ծննդյան դեպքում, այն գործող 50 000 դրամի փոխարեն սահմանելով 150 000 դրամ: Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն:
Կենսաթոշակային ապահովություն
- Կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխմանն ուղղված օրենքի նախագիծը շուտով վերջնական տեսք կստանա։
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բարեփոխման նպատակով մշակվել է Օրենքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծ, որի աշխատանքային տարբերակը քննարկվել է շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների հետ։ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակում առաջարկվում են փոփոխություններ, որոնք, հաշվի առնելով ժողովրդագրության և քաղաքացիների սոցիալական բեռին առնչվող խնդիրները, համակարգը կդարձնեն առավել գրավիչ, ընդունելի և հնարավորություն կտան սոցիալական խնդիրները փոխկապակցել լուծումների հետ։
Օրենքի նախագիծը վերջնական տեսք կունենա ՀՀ կառավարության՝ ոլորտին առնչվող բոլոր գերատեսչությունների միասնական դիրքորոշումը ձևավորելուց հետո։ ՀՀ վարչապետի կողմից նախապես տրված հանձնարարականի համաձայն՝ քննարկված վերջնական առաջարկությունները կներկայացվեն ՀՀ վարչապետին, այնուհետև օրենքի նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի քննարկմանը:
- Կենսաթոշակի և նպաստների նվազագույն չափը պետք է գերազանցի պարենային աղքատության նվազագույն շեմը
Նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50 տոկոս բարձրացման առաջարկ։ Ըստ առաջարկի՝ Պարենային աղքատության նվազագույն շեմից ցածր կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի չափը կենսաթոշակ կամ նպաստ ստացող շուրջ 77000 շահառուի համար 2019 թ. հունվարի 1-ից կդառնա առնվազն 25500 դրամ։
Հաշմանդամության ունեցող անձանց և տարեցների հիմնահարցեր
- Բժշկասոցիալական փորձաքննության համակարգի վերափոխում․ սոցիալական ծառայություններ՝ հիմնված կարիքի վրա
Հանրային քննարկման է ներկայացվել բժշկասոցիալական փորձաքննության համակարգի բարեփոխմանն ուղղված ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նոր նախագծով հստակեցվում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը, ներդրվում է փաստաթղթային եղանակով բժշկասոցիալական փորձաքննության գաղափարը՝ նվազեցնելով փորձաքննության համար դիմող անձի և որոշում կայացնողի անմիջական շփումը։
Միաժամանակ, բողոքարկման կարգով վերափորձաքննությունների վերաբերյալ եզրակացություն տրամադրելու նպատակով ստեղծվում է միջանկյալ մարմին՝ կենտրոնական հանձնաժողով՝ ապահովելով բողոքարկման եռաստիճան համակարգ։
Այս ժամանակահատվածում քննարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր կարգ՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա։ Սա հնարավորություն կտա իրականացնելու անձի կարողությունների և կարիքների բազմակողմանի գնահատում և գնահատված կարիքին համապատասխան անհրաժեշտ ծառայությունների տրամադրում:
- Հաշմանդամություն ունեցողների անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման կարգի փոփոխություն
«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված պարագաների՝ հավաստագրով տրամադրելու կարգը օրինակելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց տրվող բոլոր պարագաների համար։ Հիշեցնենք՝ հավաստագրերը մինչ այժմ օգտագործվում էին բացառապես հաշմանդամություն ունեցող անձանց տրվող սայլակների և լսողական սարքերի համար։
- Հանրապետությունում տարեցներին մատուցվող նոր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանն ուղղված փորձնական ծրագրերի իրականացում
Ծերացման ռազմավարության գործողությունների ծրագրի՝ 2018 թվականին նախատեսված միջոցառումների շրջանակում նախատեսվում է հանրապետությունում տարեցներին մատուցվող նոր, ժամանակակից մոտեցումների վրա հիմնված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանն ուղղված փորձնական ծրագրերի իրականացում։ Նախատեսվող ծրագրերը ենթադրում են այլընտրանքային ծառայությունների տրամադրում՝ հիմնված տարեցների իրական կարիքների լիարժեք ու բազմակողմանի գնահատման վրա։ Գործողությունների ծրագրով 2018 թվականի ընթացքում նախատեսված է հետևյալ փորձնական ծրագրերի իրականացումը՝
- սոցիալական օգնականի ծառայության ներդրում Սյունիքի մարզում,
- Տարեցների առողջ ապրելակերպի և ակտիվ ժամանցի ակումբ-ցերեկային կենտրոնի ստեղծում Արագածոտնի մարզում:
Աշխատանք և զբաղվածություն
- Դայակների աշխատավարձի փոխհատուցման պիլոտային ծրագիրն արդեն մեկնարկել է
Հունիսին հաստատվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրականացման կարգը։ Ծրագիրը նախատեսված է այն անձանց՝ կանանց և տղամարդկանց համար, ովքեր գտնվում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և մինչև երեխայի երկու տարին լրանալը ցանկանում են վերադառնալ աշխատանքի։ Պետությունը փոխհատուցում է երեխայի խնամքի համար նախատեսված վարձատրության 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որը ներկայումս 55 000 դրամ է:
Ծրագիրն ուղղված է մի կողմից ապահովելու երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատող անձանց սահուն վերադարձը աշխատաշուկա, մյուս կողմից ապահովում է բարենպաստ պայմաններ երեխայի խնամքի ոլորտում ծառայություններ մատուցող անհատ անձանց օրենքով սահմանված կարգով գրանցված աշխատանք իրականացնելու համար՝ ապահովելով վերջինների կենսաթոշակի և սոցիալական այլ ծառայություններից օգտվելու հնարավորությունը։
Ի դեպ, շահառուն երեխայի խնամքի կազմակերպման նպատակով պայմանագիր կարող է կնքել վճարովի հիմունքով գործող նախադպրոցական հաստատության (մասնավոր մանկապարտեզ), կամ բնակության վայրում չհաշվառված անձի (կարող է լինել նաև ազգականը) հետ։
Ծրագիրը պիլոտային է, նախատեսված՝ 200 շահառուի համար։ Ծրագրին մասնակցելու համար նախապես գրանցված անձանց թիվը գերազանցում է 200-ը։ Ծրագրի գործարկումից հետո փոխհատուցում ստանալու համար արդեն դիմել են շուրջ 4 տասնյակ շահառու։
- Զբաղվածության կարգավորման ոլորտում իրականացավող ծրագրերը շարունակվում են
Զբաղվածության կարգավորման 2018 թվականի պետական ծրագրի շրջանակում տարեսկզբից իրականացվում է 12 ծրագիր, որոնցից 1-ն ուղղված է ժամանակավոր, իսկ 11-ը՝ կայուն զբաղվածության ապահովմանը։
Տարեսկզբից զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 178 հազ. գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 5667 չկրկնվող թափուր աշխատատեղ, 404-ը` նոր ստեղծված: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 6406 աշխատանք փնտրող (2136-ը՝ երիտասարդ, 116–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ):
- Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը շուտով կամփոփի «ՀՀ աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի վերլուծություն և գնահատում» հետազոտության արդյունքները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը իրականացնում է «ՀՀ աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի վերլուծություն և գնահատում» խորագրով հետազոտություն։ Աշխատանքը հնարավորություն կտա բացահայտելու «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունները, աշխատաշուկայում առկա թափուր, դժվար համալրվող և առաջիկայում պահանջարկվող աշխատատեղերը՝ ըստ մասնագիտական ուղղությունների և ծավալների։
Հետազոտության արդյունքները նպաստելու են զբաղվածության ոլորտի չափելիության ապահովմանը, աշխատուժի առաջարկի և պահանջարկի գնահատմանը, կրթական համակարգի արդյունավետ և աշխատաշուկային համահունչ կառավարման վերաբերյալ որոշումների կայացմանն ու քաղաքականության մշակմանը:
Հետազոտությունը կամփոփվի սեպտեմբեր ամսին։
Համագործակցություն իրավապահ մարմինների հետ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շատ սերտ համագործակցում է իրավապահ մարմինների հետ։ Քաղաքացիների կողմից ներկայացված բողոքները վերահասցեագրվում են համապատասխան իրավապահ մարմիններ՝ ուսումնասիրություններ անելու և ըստ այդմ անհրաժեշտ քայլեր նախաձեռնելու նպատակով։ Այս ընթացքում (20.08.2018 թ.-ի դրությամբ) նախարարությանն ուղղված պաշտոնական դիմում-նամակներից իրավապահ մարմիններ է վերահասցեագրվել 13 նամակ։ Միաժամանակ նախարարությունը գրություններ է ուղարկել նաև 114 թեժ գծի, սոցիալական ցանցերի միջոցով ստացված բողոքների հիման վրա։ Նախարարությունն այս ընթացքում իրավապահ մարմիններին 50 դեպքի մասով 3 տասնյակից ավելի գրություններ է ուղարկել։
Բողոքների մի մասի առնչությամբ արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր։ Հարկ է նշել, որ իրավապահ մարմինների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հատկապես թեժ գծի միջոցով նախարարությանն ուղղված բողոքների մի մասն անհիմն են և չեն պարունակում անհրաժեշտ փաստեր՝ գործին ընթացք տալու համար։
Արդեն իսկ հրապարակվել են բազմաթիվ տեղեկություններ ՀՀ մարզպետարաններին և համայնքներին կից գործող սոցիալական աջակցության տարածքային մարմիններում, ինչպես նաև փոստային բաժանմունքներում առկա չարաշահումների և օրինախախտումների բացահայտման վերաբերյալ։
Հատկապես՝ ուշադրության է արժանի ՀՀ Կոտայքի և Լոռու մարզերի մարմիններում տեղ գտած չարաշահումները, որոնք փաստում են կոռուպցիոն մեխանիզմների կիրառման մասին, ինչպես նաև Երևանի թիվ 1 տուն ինտերնատում կազմակերպված հանցագործության վերաբերյալ քրեական գործի հարուցումը։
Հանրային վերահսկողություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, առաջարկում է քաղաքացիներին իրենց մասնակցությունն ունենալ և միանալ սոցիալական աջակցությանն ուղղված հանրային ֆինանսների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը, հասցեականության բարձրացմանը և չարաշահումների ու խախտումների բացահայտմանը։ Քաղաքացիները կարող են ունենալ անմիջական մասնակցություն այս գործընթացում։ Դրա համար անհրաժեշտ է՝
- այցելել ՀՀ ԱՍՀ նախարարության կայքէջ հետևյալ հղումով (https://old.mlsa.am/?page_id=368),
- ստուգել նպաստառուների ցանկն՝ ընտրել համապատասխան մարզը, տարածքը, համայնքը, սոցիալական աջակցության տեսակը (հրատապ օգնություն, նպաստ, սոցիալական նպաստ), տարեթիվը և ամիսը։
Այս գործողությունները հնարավորություն կտան պարզել, թե արդյոք քաղաքացու բնակության հասցեում կան գրանցված այլ անձինք, ովքեր ստանում են նպաստ կամ արդյոք նշված գումարը համապատասխանում է ստացած նպաստի գումարին։
Փաստաթղթաշրջանառություն, թեժ գիծ և քաղաքացիների ընդունելություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2018 թվականի վերջին երեք ամիսների (մայիս, հունիս, հուլիս) ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է քաղաքացիներից դիմումների ստացման աննախադեպ աճ։ 2017 թվականին՝ նշված ժամակահատվածում, ստացվել է քաղաքացիների 2457 դիմում։ 2018 թվականի նույն ժամանակահատվածում դիմումների թիվն աճել է գրեթե 1.5 անգամ՝ դառնալով 5904։
2018 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է այցելել 2518 քաղաքացի։ 2017 թվականի նույն ժամանակահատվածում այցելած քաղաքացիների թիվը՝ 1169։
Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է ԱՍՀ նախարար Մանե Թանդիլյանի մոտ 5 ընդունելություն (19 քաղաքացու համար)։ 2017 թվականի նույն ժամանակահատվածում քաղաքացիների ընդունելության թիվը՝ 1 (1 քաղաքացու համար)։
Հաշվետու ժամանակահատվածում ԱՍՀ փոխնախարարների մոտ կազմակերպվել է 19 ընդունելություն (43 քաղաքացու համար)։ 2017 թվականի նույն ժամանակահատվածում քաղաքացիների ընդունելության թիվը՝ 4 (5 քաղաքացու համար)։
Նախարարության 114 թեժ գիծը 2018 թվականի մայիս-հուլիս ժամանակահատվածում ստացել է 27397 զանգ։ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ստացված զանգերի թիվը՝ 22467։
Սեպտեմբերից կգործարկվեն նախարարության 114 թեժ գծին հասցեագրված զանգերի վերլուծության նոր գործիքակազմ, որը հնարավորություն կտա ստանալու քաղաքացիների զանգերի ոչ միայն քանակական, այլև որակական համակարգված պատկերը։ Ստացված տեղեկությունները հնարավորություն կտան հանրությանը հուզող խնդիրներին ավելի արագ, փաստարկված ու հասցեական լուծում տալ։