2009թ. մարտի 4-ին ժամը 11:00-ին կկայանա Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան և ՙԱռաքելություն Հայաստան՚ ԲՀԿ-ի միջև դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը /հասցենª Ավան-Առինջի Համայնքային կենտրոն, Բաբաջանյան 1/:
Դրամաշնորհը ՙԱռաքելություն Հայաստան՚ ԲՀԿ-ին /ԱՀ ԲՀԿ/ է հատկացրել Ճապոնիայի դեսպանատունը` Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում ՙՏարեցների ՙԱրծվաբույն՚ շուրջօրյա սպասարկման տան վերանորոգում՚ ծրագիրը իրականացնելու համար: Սույն նախաձեռնության մեջ կարևոր և մեծ ներդրում ունի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը /ԱՍՀՆ/:
Տարեցների ՙԱրծվաբույն՚ շուրջօրյա սպասարկման տունը, որն ԱՀ ԲՀԿ-ն գործարկում է 2005 թվականից, կացարան և շուրջօրյա բազմապիսի ծառայություններ է տրամադրում մշտական բնակության վայր չունեցող 12 միայնակ տարեցների և հաշմանդամների, որոնք մասամբ կամ ամբողջովին կորցրել են ինքնասպասարկման կարողությունը և ունեն խնամքի ու հոգածության կարիք: Շինությունը հատկացվել է Սյունիքի մարզի իշխանությունների կողմից: Այն ունի երկու մասնաշենք և ընդարձակ այգի: ԱՀ ԲՀԿ-ն շինության մի մասը վերանորոգել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ:
Տարեցների սպասարկման օրեցօր մեծացող կարիքի պայմաններում ծրագրի իրագործումը եզակի կարևորություն կունենա ողջ Սյունիքի մարզի համար: Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհը ԱՀ ԲՀԿ-ին հնարավարություն կընձեռի մասնաշենքն ամբողջությամբ վերանորոգել, որի շնորհիվ էլ սպասարկվող տարեցների թիվը 12–ից կհասցվի մինչև 40-ի:
ԱՀ ԲՀԿ-ն Սյունիքի մարզում գործում է 2001 թվիցª Մարզի կարիքավոր տարեցներին և անապահով այլ տարիքային խմբերի մատուցելով սոցիալ-առողջապահական համայնքահեն տարբեր ծառայություններ իր կողմից հիմնած 4 բարեգործական ճաշարանների և 3 ցերեկային կենտրոնների միջոցով:
ՀՀ իշխանությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ ԱՀ ԲՀԿ-ն հանրապետությունում ստեղծել է համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների նորարարական և արդյունավետ մի ողջ համակարգ, որը ծառայություններից օգտվելու կենսական միջոց է հազարավոր անապահովների համար: Այսօր կազմակերպությունը սպասարկում է ՀՀ 8 մարզերի 22 քաղաքների շուրջ 10 հազար շահառուների և հիմնել-գործարկում է համայնքահեն ծառայությունների մատուցման 50 ենթակառույցներ:
ՀՀ ԱՍՀՆ–ի հետ արդյունավետ համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ 2007 թվականից սկսած ԱՀ ԲՀԿ-ի գործունեության իրականացման համար պահանջվող ծախսերի ֆինանսավորման մի մասը ընդգրկված է ՀՀ պետական ՙՄիջնաժամկետ ծախսերի՚ ծրագրի բյուջեում: