ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Ջաթինդեր Չիմային:
Ողջունելով հյուրին` նախարարը շնորհակալություն հայտնեց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար:
Ներկայումս նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցում է հիմնականում կենսաթոշակային բարեփոխումների և զբաղվածության ոլորտներում:
Նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը ներկայացրեց զբաղվածության ոլորտում 2010թ. կատարված աշխատանքները, նշելով, որ նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացվել են, մշակվել է 2011թ. միջոցառումների ծրագիրը:
Կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում աշխատանքները հիմնականում ընթանալու են երեք ուղղությամբ` ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակում, անձնավորված հաշվառման համակարգի ներդրում, հանրային կրթության և իրազեկման ծրագրի միջոցառումների իրականացում: Նախարարի տեղակալ Ա.Ասատրյանն առանձնահատուկ կարևորեց անձնավորված հաշվառման համակարգի ներդրման աշխատանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև աջակցության նոր ծրագիր, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների գնահատում, մասնագիտական ուսուցում, վերադարձ աշխատաշուկա: Այն կիրականացվի նախարարության, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և սոցիալական ծառայությունների միջոցով:
Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: