Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Գյումրի քաղաքի սրտում՝ Աբովյան փողոցում, իր դռները բացեց «Արեգակ» սրճարանը։ Ներառական փուռ-սրճարանն իր տեսակի մեջ եզակի է ոչ միայն Շիրակի մարզում, այլև ողջ Հայաստանում։ «Արեգակ» սրճարանը «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Էմիլի Արեգակ» ռեսուրս կենտրոնի ծրագիրն է: Փուռ-սրճարանի աշխատակիցները ռեսուրս կենտրոնի շահառուներն են, որոնք մի քանի ամիս մասնակցել են խոհարարների վերապատրաստման դասընթացների։ Նրանց միանալու հնարավորություն կունենան նաև գյումրեցի շատ երիտասարդներ։
«Ներառական փուռ-սրճարանը հնարավորություն կտա, որ հաշմանդամություն ունեցող երիտասարդները ցույց տան իրենց կարողությունները, զարգացնեն դրանք։ Այս կերպ փորձում ենք նպաստել աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը»,- ասում են նախաձեռնողները։
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ հրավերով ներառական փուռ-սրճարանի բացմանը ներկա էր նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը։ Ողջույնի խոսքում փոխնախարարն ընդգծեց՝ ներառական փուռ-սրճարանի բացումը Գյումրիում ևս մեկ քայլ է դեպի ներառական հասարակություն։
«Որևէ կասկած չունեմ, որ այստեղ աշխատող հաշմանդամություն ունեցող երիտասարդները մեծ հաջողության են հասնելու, և այդ հաջողությունը լինելու է նրանց արժանապատիվ կյանքի գրավականը: Մենք պետք է վերանայենք պետության քաղաքականությունը, գործող ծրագրերը, որպեսզի ավելի մեծ քայլերով առաջ գնանք և ավելի լուրջ արդյունքներ գրանցենք: Ես վստահեցնում եմ, որ մենք դա կարող ենք անել»,- ընդգծել է Զարուհի Բաթոյանը։
«Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրում» ծրագիրը հնարավոր է դարձել Եվրոպական միության, Կարիտաս Ավստրիայի և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցության շնորհիվ: Բացի փուռ-սրճարանի բացումից` ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ ևս՝ հաշմանդամություն ունեցող անձինք սովորելու են աճեցնել ու խնամել բույսեր և բանջարեղեն, անցնելու են մասնագիտական վերապատրաստման տարբեր դասընթացներ, ստեղծելու են ձեռքի աշխատանքներ, ինչպես նաև տարվելու են հանրային իրազեկման աշխատանքներ։