Ս/թ. փետրվարի 1-ին տեղի ունեցավ “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության 2011թ. բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի կատարողականի արդյունքների ներկայացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և խորհրդակցություն` զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանը, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Ս. Հարությունյանը, պետի տեղակալներ Ա. Սիմոնյանը և Գ. Սահակյանը, գործակալության բաժինների պետերը և զբաղվածության մարզային ու տարածքային կենտրոնների տնօրենները:
Խորհրդակցությունը բացեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը: Նախարարը նշեց, որ 2011թ. ընթացքում եղել են մի շարք խնդիրներ ու ձեռքբերումներ: Կատարված աշխատանքները գոհացուցիչ էին և խրախուսող. հատկապես ուրախալի էր այն փաստը, որ 2011թ. “Գործազրկության նպաստի տրամադրում” ծրագրի շրջանակներում եղել են լուրջ տնտեսումներ, խնայողություններ, հաջողություն է արձանագրվել նաև մյուս ծրագրերում: “2012թ. լինելու ենք ավելի աչալուրջ, ավելի արդյունավետ ենք դարձնելու ծրագրերը: Տարին կսկսենք նոր ծրագրերի քննարկումներով և դրանք ներդնելով` զբաղվածության կարգավորման պետական գործող ծրագրերին զուգահեռ”: 2011-2012թթ. նախարարությունը, որպես գերակա խնդիր, իր առջև դրել է համալիր սոցիալական կենտրոնների ստեղծման գործընթացը, որը շատ աշխատատար է և ենթադրում է փոփոխություններ:
ՀՀ ԱՍՀՆ “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Ս. Հարությունյանը հանդես եկավ 2011թ. բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի կատարման արդյունքների ներկայացմամբ: Նա նշեց, որ ծրագրով նախատեսված բոլոր ցուցանիշները գերակատարվել են: Գործակալության պետն առանձնացրեց երկու կարևոր դիտարկում, այն է.
- ծրագիրն իրականացվել է գործող օրենսդրությանը համապատասխան, և տարբեր գերատեսչությունների կողմից իրականացված վերահսկողության և մոնիթորինգի արդյունքում էական շեղումներ կամ խախտումներ չեն արձանագրվել,
- սոցիալական ապահովության ենթաոլորտներից` զբաղվածության ոլորտն է, որի հիմնական ցուցանիշներն ուղղակիորեն և անմիջապես պայմանավորված են տնտեսության, կրթության, ֆինանսա-վարկային և մասամբ էլ տարածքային զարգացման արդյունքներով:
Այնուհետև գործակալության պետն անդրադարձավ ինչպես ներոլորտային, այնպես էլ արտաոլորտային խնդիրներին և ներկայացրեց նոր առաջարկներ` այդ խնդիրների հաղթահարմանն ուղղված: Նոր առաջարկների թվում էին. “Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում” ծրագիրը “Ժամանակավոր զբաղվածության ծրագիր” վերանվանելը` փոփոխելով իրականացման կարգը, “Կանաչ աշխատատեղերով բիզնեսի աջակցման”, “Կոլեկտիվ խոհանոց” /հատկապես մարզերում/ ծրագրերի և աշխատանք փնտրողների ու գործատուների էլեկտրոնային մուտքագրման համակարգի ներդրումը:
Ըստ նախարարի` այդ առաջարկները պահանջում են քննարկումներ ու վերլուծություններ: Տրվեց հանձնարարություն նախարարությունում սկսել քննարկումներ` նոր արդիական ծրագրերի վերաբերյալ: Նախարարն անդրադարձավ նաև կարգապահական ներքին կանոններին, կարևորեց թիմային աշխատանքը:
ՀՀ ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ պարոն Ա. Պետրոսյանը նշեց, որ ներկայացված ցուցանիշները գոհացուցիչ էին, այս ոլորտում վերջին տարիներին տարվել են լուրջ աշխատանքներ, առանձնացրեց հատկապես համակարգի կայացման դինամիկան: Նա կարևորեց համագործակցությունը գործատուների հետ:
Նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանն առանձնացրեց “Մասնագիտական ուսուցում” ծրագիրը: Նա նշեց, որ 2011թ. կատարված աշխատանքների ցուցանիշների աճը պայմանավորված է նաև նախարարության կառուցվածքային և առանձնացված /ԶՊԾԳ/ ստորաբաժանումների կողմից իրականացվող համակարգված աշխատանքների շնորհիվ: Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի 2012թ. ունենանք ավելի լավ արդյունքներ:
ԶՊԾ գործակալության աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման բաժնի պետ Ա. Փարսադանյանը ներկայացրեց 2012թ. բնակչության զբաղվածության կարգավորման պետական ծրագիրն ըստ զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների, որի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:
Խորհրդակցության ավարտին համապատասխան առաջարկություններուվ և հանձնարարականներով հանդես եկան նաև գործակալության պետի տեղակալը և բաժինների պետերը, եղան հարցեր և պատասխաններ:
Վերջում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. ՀՀ ԱՍՀ նախարարության մեդալով պարգևատրվեց Աշտարակի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Հ. Սեթոյանը, այնուհետև ՀՀ ԱՍՀ նախարարի և ԶՊԾ գործակալության պետի կողմից շնորհակալագրեր ստացան գործակալության և զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների մի խումբ աշխատակիցներ: