Քննարկվել է «Հայաստանում երեխային հաշմանդամության պատճառով լքելու գործընթացի կանխարգելում» ծրագիրը

0
886

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանն ու նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը սեպտեմբերի 25-ին աշխատանքային քննարկում են անցկացրել «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախագահի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ։

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել նշված կազմակերպության կողմից առաջարկվող «Հայաստանում երեխային հաշմանդամության պատճառով լքելու գործընթացի կանխարգելում»  ծրագիրը, որի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքը և կանխարգելել երեխաների մուտքը հատուկ հաստատություններ:

Ներկայացնելով ծրագրի գաղափարը, նախատեսվող  գործընթացներն ու ակնկալվող արդյունքները՝ կազմակերպության նախագահը կարևորել է հղի կանանց և ընտանիքների իրազեկվածության  խնդիրն առ այն, թե ինչ է հնարավոր անել այնպիսի դեպքերում, երբ երեխան լույս աշխարհ է գալիս որևէ խնդրով:

«Բարի մամա կազմակերպությունը այս պահին միակն է, որ զբաղվում է որևէ խնդրով ծնված երեխայի հաստատություն մուտք գործելու կանխարգելմամբ: Մեր կողմից առ այսօր իրականացված աշխատանքներն եղել են կամավոր սկզբունքով և 4 տարվա ընթացքում կարողացել ենք շուրջ 90 երեխայի պահել ընտանիքում: Մեր ցանկությունն է իրագործվող աշխատանքին տալ իրավական ուժ և շահագրգիռ պետական մարմինների հետ ունենալ սերտ համագործակցություն»,- նշել է կազմակերպության նախագահը:

Նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն ընդգծել է, որ կատարվող աշխատանքը նախարարության կողմից որդեգրած քաղաքականության մի մասն է կազմում: «Մեզ համար կարևոր է ունենալ այնպիսի ծառայություններ, որոնք կաջակցեն ընտանիքներին և այդ ծառայությունները մենք պետք է պատվիրակենք այն հասարակական կազմակերպություններին, որոնք կաջակցեն հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ իրացնելու ընտանիքում ապրելու իրենց իրավունքը: Լավագույն տարբերակը առողջական հիմքով երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելն է և նրանց թողնելու կամ լքելու գործընթացի  կասեցումը»,- հստակեցրել է Զարուհի Բաթոյանը:

Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանին ծրագրի իրականացման գործընթացում մտահոգել է նշված դեպքերում անձանց անհատական տվյալների գաղտնիության ապահովման մեխանիզմը:  Նա առաջարկել է մանրամասն ուսումնասիրել և քննարկել խնդիրը համապատասխան մասնագետների հետ, ինչի արդյունքում հնարավոր կլինի գործընթացն իրականացնել առանց որևէ արգելքի: «Կարծում եմ, որ տվյալ իրավիճակում հայտնված ծնողին հոգեբանական աջակցության ու անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը նախապայմաններ են՝ չմերժելու համար որևէ խնդրով ծնված երեխային ընտանիքում ստանալու իր բաժին սերն ու ջերմությունը»,- նշել է Արսեն Մանուկյանը:

Ներկայացված ծրագրի գործողությունների պլանի համաձայն՝ կազմակերպությունը նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները. առողջական խնդրով երեխա սպասող ռիսկային խմբի հղիների հետ աշխատելու մեխանիզմի մշակում, բուժհաստատություններում աշխատող անձնակազմի վերապատրաստում, թեժ գծի ստեղծում, Երևանում և հատկապես մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ քարոզարշավի իրականացում, առողջական խնդիր կամ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների փոխաջակցման ցանցի ստեղծում և այլն:

Առաջիկայում նախատեսվում է քննարկում իրականացնել նաև ՀՀ առողջապահության նախարարության հետ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն էլ պատրաստակամություն է հայտնել քննարկել ծրագրի մանրամասներն ու գտնել աջակցության ուղիներ: