ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը մասնակցել է Գերիատրիայով առաջին համահայկական միջազգային կոնգրեսին

0
269

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին Երևանում մեկնարկեց Գերիատրիայով առաջին համահայկական միջազգային կոնգրեսը։ Կոնգրեսին մասնակցում են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի բժիշկներ։ Երկու օր շարունակ նրանք կքննարկեն տարբեր հիվանդությունների՝ տարիքով պայմանավորված առանձնահատկություններն ու դրանց բուժման նոր մոտեցումները, կկիսեն իրենց գիտելիքն ու փորձը։ Հայ բժիշկներն էլ հնարավորություն կունենան ծանոթանալու միջազգային փորձին ու նորույթներին։

«Հանուն առողջ ծերության» խորագրով կոնգրեսը Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի նախաձեռնությունն է, որն իրականություն է դարձել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։

«ՀՀ բնակչության ծերացման  տեմպերը գնալով արագանում են։ Մեր հետազոտությունների համաձայն՝ 20-30 տարի հետո մեր երկրում բնակվող յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին կլինի 60-ն անց, յուրաքանչյուր 5-րդը՝ 65-ն անց։ Պետք է ստեղծենք կառույցներ, ենթակառուցվածքներ, պայմաններ, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ավելի առողջ մուտք գործել կյանքի երրորդ փուլ։ Վստահ եմ, որ այս համաժողովը հարթակ կհանդիսանա տարեցների հիմնախնդիրների մասին բարձրաձայնելու, լուծման ուղիներ գտնելու, մեր հետագա քայլերը ճիշտ պլանավորելու և առկա ռեսուրսները նպատակային ուղղորդելու համար»,- իր ողջույնի խոսքում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը։

Գերիատրիայով առաջին համահայկական միջազգային կոնգրեսի բացմանը ներկա էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը։  Ընդգծելով տարեցների հանդեպ հարգանքն ու առանձնահատուկ վերաբերմունքը, որը կա մեր հասարակության մեջ՝ Բաթոյանն ասաց, որ դրան զուգահեռ կան նաև շատ լուրջ խնդիրներ։

«Կա տարեցների մեկուսացման խնդիր։ Նրանք մեկուսանում են իրենց տանը կամ այն հաստատություններում, որտեղ ապրում են, օրինակ՝ շուրջօրյա խնամքի կենտրոններում։ Մյուս կողմից՝ կա տարեցներին մատուցվող ծառայությունների բացակայության և սակավության խնդիր։ Ծառայություն մատուցող կազմակերպությունները նույնպես քիչ են և չեն կարողանում ծածկել ողջ Հայաստանը։ Այսօր մեր առջև խնդիր ենք դրել խրախուսելու նոր կազմակերպությունների, որպեսզի ավելի մեծ թվով ծառայություններ կարողանանք մատուցել մեր քաղաքացիներին»,- նշեց փոխնախարարը։

Զարուհի Բաթոյանի գնահատմամբ՝ կոնգրեսն իսկապես աննախադեպ միջոցառում է Հայաստանում, որի կարիքն ունեին և առողջապահական, և սոցիալական ոլորտի աշխատակիցները։

«Պետք է ներդնենք մեր բոլոր ռեսուրսները, որպեսզի հասնենք առավելագույն արդյունքի։ Առանց առողջապահության ոլորտի մասնագետների հետ համագործակցության դրան հասնելն անհնար կլինի։ Առանց առողջության չի կարող լինել լիարժեք սոցիալական ներառում»,- ընդգծեց Զարուհի Բաթոյանը։

ԱՍՀ փոխնախարարը հույս հայտնեց, որ երկօրյա քննարկումներն արդյունավետ կլինեն, իսկ տարեցների կարիքներն էլ կկարևորվեն ոչ միայն բժշկասոցիալական, այլև մարդու իրավունքների տեսանկյունից։