Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 1-ին և 2-ին Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից կազմակերպված «Ընտրության խթանում. բնակչության դինամիկան և կայուն զարգացումը» խորագրով բարձր մակարդակի տարածաշրջանային համաժողովին:
Համաժողովի նպատակն էր գնահատել Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, քննարկել անդամ պետությունների կողմից արձանագրած ձեռքբերումները, վեր հանել առկա մարտահրավերները և նախանշել հետագա անելիքները:
Ելույթի ընթացքում նախարար Մանե Թանդիլյանը ներկայացրել է այս ոլորտում Հայաստանում առկա իրավիճակը, ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը և ընթացիկ բարեփոխումները՝ ընդգծելով Կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը և դրա արդյունավետ իրականացմանն ուղղված ՀՀ Կառավարության հանձնառությունը:
«Ժողովրդագրական ներկա միտումները լուրջ մարտահրավեր են նաև բնակչության ծերացման տեսանկյունից, ինչը պահանջում է ոլորտում առավել համապարփակ և բազմաշերտ քաղաքականության մշակում և իրականացում»,- նշել է Մանե Թանդիլյանը:
Նախարար Մանե Թանդիլյանը անդրադարձել է կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման, ընտանեկան բռնության կանխարգելման, ինչպես նաև երեխաների սեռով պայմանավորված ընտրության հիմնախնդիրներին, դրանց ուղղությամբ ձեռնարկված քայլերին ու միջոցառումներին՝ կարևորելով հասարակության մեջ արատավոր երևույթների կանխարգելման, հանրային կրթության և իրազեկման մեխանիզմների արդյունավետ կիրարկումը:
Նախարարը նշել է, որ երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական լիարժեք ներառման ուղղությամբ տարվող աշխատանքներում արդյունքներ գրանցելու համար պետական և հասարակական, տեղական և միջազգային կառույցների ջանքերի ու ռեսուրսների համատեղումն ու համակարգված աշխատանքը առաջնային կարևորություն ունեն։
Նախարար Մանե Թանդիլյանի ելույթի անգլերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։