«Համոզված եղեք՝ ոչ մի հաստատություն չի կարող փոխարինել ընտանիքն ու նրանից ստացած ջերմությունը». Մանե Թանդիլյան

0
352

Հոկտեմբերի 15-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ու ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել են «Փրկություն» ՀԿ-ի մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների և երիտասարդների ցերեկային խնամքի սոցիալ-վերականգնողական կենտրոն։

ՀԿ ղեկավար Արփինե Աբրահամյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին կենտրոնի տարածքում, ծանոթացել նրանց գործունեությանն ու առօրյա խնդիրներին։

Շրջայցից հետո նախարարը զրուցել է նաև կենտրոնի աշխատակիցների և շահառուների ծնողների հետ։ Զրույցի ընթացքում աշխատակիցներն ու ծնողները ներկայացրին կենտրոնի հիմնական խնդիրներն ու դրանց լուծման իրենց տեսլականը։ Քանի որ ներկայացված հարցերի զգալի մասը վերաբերում էր ոչ միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ուստի նախարարն առաջարկեց բոլոր խնդիրների մասին համատեղ գրություն պատրաստել, ինչը հնարավորություն կտա իրեն գործընկեր գերատեսչությունների հետ համատեղ համալիր լուծումներ մշակել։

Ծնողների հավաստմամբ՝ «Փրկություն»-ը պարզապես կենտրոնի անունը չէ. իր տեսակով եզակի այս կենտրոնն իրական փրկություն է հատուկ կամ ներառական դպրոցն ավարտած մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների ու նրանց ընտանիքների համար։ Այս տարի իր հիմնադրման 21-րդ տարեդարձը նշող կառույցը ապահովում է հաշմանդամ երիտասարդների ցերեկային խնամքն ու զբաղվածությունը՝ զարգացնելով ինքնուրույնությունը, հաղորդակցական և աշխատանքային հմտությունները։

Նախարարը, դիմելով ծնողներին, նշեց, որ նրանք՝ երեխաներին ընտանիքում մեծացնելով արդեն իսկ մեծ աջակցություն են մատուցում ինչպես երեխաներին, այնպես էլ՝ պետությանը։

«Համոզված եղեք՝ ոչ մի հաստատություն չի կարող փոխարինել ընտանիքն ու նրանից ստացած ջերմությունը։ Սակայն ես հասկանում եմ ինչ մեծ դեր ու նշանակություն ունի այս կառույցը ձեր երեխաների և ձեր ընտանիքների համար։ Վստահեցնում եմ, որ մենք ևս կարևորում ենք ոլորտում որակյալ ծառայություններ մատուցող կառույցների դերն ու ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար»,- նշեց նախարար Մանե Թանդիլյանը՝ միաժամանակ պարզաբանելով, որ խնդիրներից շատերի լիարժեք լուծման համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ։

«Բոլոր այն հարցերը, որ բարձրացնում եք, հատուկ են ոչ միայն այս կենտրոնին։ Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ այդ խնդիրները տեղային լուծումներով չէ, որ պետք է լուծենք․ անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ, ու դրանց մշակման գործում մեծ դեր ունեն նաև կենտրոնի,աշխատակիցների և ծնողների փորձառությունը ոլորտում»։

Այցելության վերջում կենտրոնի սաներից երկուսն իրենց ձեռքի աշխատանքները նվիրեցին  նախարարին և Վարչապետի տիկնոջը։ Մանե Թանդիլյանը խոստացավ, որ հուշանվերը իր տեղը կգտնի նախարարի աշխատասենյակում։