Մայիսի 12-ին տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից կոլեգիայի անդրանիկ նիստը

0
75

Մայիսի 12-ին տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից կոլեգիայի անդրանիկ նիստը: Օրակարգում ներառված էր երեք հարց` “Աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի կայուն զարգացման ռազմավարության” մշակման աշխատանքների ընթացքը. զեկուցող` նախարարի տեղակալ Ա. Ասատրյան, “ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը”. զեկուցող` ժողովրդագրության բաժնի պետ Վ. Բաբաջանյան և “ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի ներկայացում. զեկուցող` աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թ. Ավետիսյան: Բացելով նիստը, նախարար Ա. Համբարձումյանը նշեց, որ ակնկալում է բաց, անկաշկանդ քննարկում օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ:
Նախարարի տեղակալ Ա. Ասատրյանը, ներկայացնելով կայուն զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքը, ձևավորված 10 աշխատանքային խմբերի կողմից յուրաքանչյուր ենթաոլորտում իրականացված հետազոտությունների արդյունքներն ընդգծեց, որ ռազմավարության հիմնական նպատակն այն մոդելի ստեղծումն է, որով պետությունը պետք է իրականացնի սահմանադրությամբ նախատեսված սոցիալական պաշտպանություն:
Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված դրույթները հնարավորություն կտան ազգային անվտանգության խնդիր համարվող այս ոլորտի խնդիրները լուծելու առանց պետական բյուջեի միջոցների ավելացման: Լրացուցիչ ֆինանսավորման փոխարեն առաջարկվում է կատարել միջոցների վերաբաշխում: Հիմնական շեշտ դրվելու է բնական աճի խրախուսման, կյանքի տևողության ավելացման, համակարգված ներգաղթի կազմակերպման վրա:
Օրակարգի երրորդ` “Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ են կատարվել շուրջ 100 հոդվածներում: Նախագիծը մշակվել է սոցիալական գործընկերների ակտիվ մասնակցությամբ: Հիմնական նպատակը` օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո անցած չորս տարիներին ծագած բազմաթիվ խնդիրների լուծումը, վարչարարության կրճատումը և ավելի նպաստավոր բիզնես միջավայրի ձևավորումն է: Քննարկման ժամանակ մանրամասնորեն պարզաբանումներ տրվեցին նոր տերմինների, հասկացությունների մասին: Որոշվեց մինչև ՀՀ կառավարություն ներկայացնելը նախագիծը ևս մեկ անգամ քննարկել:
Նիստի վերջում նախարարը աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ունեցած անձնական ներդրումների համար նախարարության 90-ամյակի հուշամեդալով պարգևատրեց կոլեգիայի անդամներ ՀՀ արհմիությունների հանրապետական կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բ. Խառատյանին, “Առաքելություն Հայաստան” ՀԿ նախագահ Հ. Կիրակոսյանին և ՀՕՖ-ի “Երեխաների աջակցության հիմնադրամի” տնօրեն Մ. Անտոնյանին: