Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հրավեր

0
1312

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանայում է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի կազմը և հրավիրում է հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններին* ընդգրկվելու հանձնաժողովում։

Հանձնաժողովը կկազմվի 11 պետական գերատեսչության և հաշմանդամություն ունեցող անձանց 10 հասարակական կազմակերպությունների կամ միավորումների ներկայացուցիչներից: Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ և անհատներ՝ դիտորդի կարգավիճակով:

Միավորումներում ընդգրկված կազմակերպությունները չեն կարող հայտ ներկայացնել, եթե միավորումն արդեն ներկայացված է հանձնաժողովի կազմում։

Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները (նշված փաստաթղթերն ուղարկել info@old.mlsa.am էլեկտրոնային հասցեին), ինչպես նաև լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը (տես՝ ներքևում) մինչև 2018 թվականի նոյեմբերի 2-ը։ Հասարակական կազմակերպությունների վերջնական ընտրությունը կիրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների կողմից։

Հայտերի ուսումնասիրության ընթացքում նախարարությունը հայտ ներկայացրած կազմակերպություններից կարող է իրենց տրամադրած տեղեկությունը հաստատող փաստաթղթեր խնդրել։

Հանձնաժողովի խնդիրների և գործունեության մասին կարող եք կարդալ այստեղ։
Համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-կոմիտեի (Ընդհանուր մեկնաբանություն 7 (2018)՝ հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններ են համարվում այն կազմակերպությունները, որոնք որդեգրել են Հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքները և հավատարիմ են դրանց: Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություն կարող են համարվել այն կազմակերպությունները, որոնք առաջնորդվում, ղեկավարվում և կառավարվում են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից և համապատասխանում են նշված չափանիշներին՝

1. Կանոնադրությամբ սահմանված նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի և իրավունքների պաշտպանությունը, հավասար հնարավորությունների ապահովման աջակցությունը,
2. Կազմակերպության ղեկավար կազմի (ներառյալ խորհուրդը, ընդհանուր ժողովը, աշխատակազմը) անդամների առնվազն 51%-ը հաշմանդամություն ունեցող անձինք են։

Կազմակերպությունները կարող են ներկայացնել հաշմանդամության մեկ կամ մի քանի խումբ: Հաշմանդամություն ունեցող երեխաների, մտավոր, հոգեկան առողջության ինչպես նաև տեսողության և լսողության զուգակցված խնդիրներ (deafblindness) ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունները, որոնք ղեկավարվում են հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի անդամների կողմից, կարող են դիտարկվել որպես հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններ։

Շահագրգիռ կողմերն իրենց հայտերը կարող են լրացնել այստեղ։