Նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ելույթը «Չանտեսելով ոչ ոքի Հայաստանում. սոցիալական պաշտպանության դերը կայուն զարգացման օրակարգում» խորագրով համաժողովին

0
506

Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք

Ինչպես գիտեք՝ 2018 թվականին լրանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության 100-ամյակը, ինչպես նաև Հայաստանում սոցիալական ծառայությունների և սոցիալական աշխատանքի ներդրման 25-ամյակը։ Ես նախարարության անունից շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, Համաշախարհային բանկին, Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիային այսչափ կարևոր իրադարձությանը նվիրված համաժողովի կազմակերպմանն աջակից լինելու համար։

Սոցիալական պաշտպանությանը նվիրված համաժողովը անցկացվում է կայուն զարգացման նպատակների կարևորագույն սկզբունքի ներքո․ «Չանտեսելով ոչ ոքի»։ Այս սկզբունքը վերահաստատում է սոցիալական պաշտպանության առանցքային դերակատարումը հասարակության կայուն զարգացման համատեքստում։ Հայաստանը հավատարիմ է կայուն զարգացման համընդհանուր օրակարգին և աղքատության կրճատման հավակնոտ նպատակներին, որոնք անքակտելիորեն կապված են Հայաստանի տնտեսական զարգացման, սոցիալական պաշտպանության, կրթության, առողջապահության և այլ ոլորտների հետ։

Կայուն զարգացման նպատակների՝ «Չանտեսելով ոչ ոքի» սկզբունքի ներքո պետք է մշակվի և զարգանա մեր երկրի սոցիալական քաղաքականության ռազմավարությունը գալիք տարիների համար, քանզի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կյանքում ի հայտ եկած մարտահրավերները վկայում են, որ մեր հասարակության կայուն զարգացման հիմքում պետք է ընկած լինի մարդկային կապիտալի զարգացումը և հզորացումը, ինչը հնարավոր է միայն համապարփակ սոցիալական քաղաքականության մշակման պարագայում:

Ուժեղ սոցիալական պետության հիմքում ընկած է պրագմատիկ, տեղայնացված և ներառական սոցիալական քաղաքականությունը: Սակայն հետաքրքիր է՝ արդյոք մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ նկատի ունենք՝ ասելով սոցիալական պետություն, ինչ ենք ակնկալում որոշում ընդունող մարմիններից և ի վերջո ինչ դեր պետք է ստանձնեն քաղաքացիներն այս գործընթացում։ Տարիների ընթացքում կուտակված խնդիրները և բազմաբնույթ արատավոր երևույթները վկայում են այն մասին, որ մենք կարիք ունենք վերանայելու սոցիալական պետության հայաստանյան հայեցակարգը։ Ու թերևս պետք է սկսել այդ մոտեցումների վերանայումից, որովհետև առանց արդիական, փորձարկված ու հեռանկարային մոտեցումների հայեցակարգի մշակումն ու իրագործումը դառնում են երկրորդական:

Մենք չպետք է ունենանք այնպիսի հասարակություն, որտեղ ապրող և արարող քաղաքացին ունի կենցաղից կախյալ մտածողություն… հասարակություն, որտեղ ամեն երրորդ քաղաքացին նպաստառու է, հասարակություն, որտեղ քաղաքացիները ձգտում են ունենալ հաշմանդամության խումբ ոչ թե վերականգնվելու, այլ լրացուցիչ գումար ստանալու համար, հասարակություն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք անտեսված են, հասարակություն, որտեղ տարեց մարդու համար ծառայությունների մատուցումը սահմափակվում է խնամքի մատուցման ծառայություններով, հասարակություն, որտեղ ընտանեկան բռնությունը նույնացվում է հայկական արժեքային համակարգի և հայ ընտանիքի մոդելի հետ, հասարակություն, որտեղ քաղաքացիները նախընտրում են չաշխատել՝ դրա հիմքում դնելով պետության կողմից միակողմանի պարտավորությունների փաթեթը….ցավոք, այս շարքն անվերջ կարող ենք շարունակել…: Սակայն մենք պետք է գիտակցենք, որ եթե ուզում ենք կառուցել առողջ և ուժեղ սոցիալական պետություն, ապա երբեք չպետք է թույլ տանք, որ անձի սոցիալական կեցությունը լինի կառավարելի: Քանի որ մեր երկրի կայուն զարգացումն ուղիղ համեմատական է յուրաքանչյուր քաղաքացու ինքնաբավության հետ։

Այս նպատակին հասնելու համար, մեր երկրի սոցիալական քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի արդյունավետ և հետադարձ կապի հիման վրա ձևավորված միջոլորտային համագործակցությունը: Վերջինս ենթադրում է կրթական, առողջապահական և տնտեսական ոլորտների փոխպայմանավորված և մասնակցային գործընթաց՝ ներառյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Ամենևին չնվազեցնելով կրթական և առողջապահական ոլորտների դերակատարումը՝ սոցիալական պաշտպանության համատեքստում ես կցանկանամ շեշտադրել հատկապես տնտեսական  զարգացման կարևորությունը:

Սոցիալական պաշտպանության ոլորտի պետության գործադրումների փոխառնչությունները տնտեսական զարգացման հետ բազմաշերտ են և մակրոմակարդակում ենթադրում են էական ու ուղղահայաց ինտերվենցիաներ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լիազորության ներքո գտնվող սոցիալական պաշտպանության ոլորտը էապես տարողունակ է, բացի բնակչության լայն շերտերին տարբեր աջակցային դիտակետերի առկայությունից, նաև այն պատճառով, որ կառավարում է ՀՀ պետական բյուջեի ավելի քան 27 տոկոսը։

Սոցիալական պաշտպանության և տնտեսական աճի զարգացման միջև փոխազդեցությունը վկայում է այն մասին, թե ինչ ազդեցություն ունեն բացառապես սոցիալական պաշտպանության ոլորտի պետական գործադրումները տնտեսական զարգացման վրա․ որպես օրինակ կարող ենք դիտարկել նպաստների և կենսաթոշակների տեսքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին տրամադրված սոցիալական աջակցությունը։

Նախարարության կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում սոցիալական նպաստները և կենսաթոշակները նվազեցնում են աղքատությունը․ 1 տոկոս աղքատության նվազեցումն ուղեկցվում է 0.89 տոկոս ՀՆԱ աճով։ Օրինակ՝ մեր հաշվարկներով, եթե հոգանք անապահովության նպաստ ստացող ընտանիքների հացի ծախսը, աղքատության մակարդակը կկրճատվի շուրջ 50 տոկոսով, դառնալով մոտ 15 տոկոս։

Տնտեսական զարգացման, ընդ որում՝ ներառական տնտեսական զարգացման ազդեցությունների իմաստով սոցիալական պաշտպանության ոլորտը առավել շոշափելի դրական ազդեցություն է ունենում զբաղվածության և աշխատանքի շուկայի, սոցիալական աջակցության՝ ընտանեկան նպաստների, կենսաթոշակների, ժողովրդագրության զարգացման քաղաքականությունների մշակման և իրագործման միջոցով։

Բնականաբար, կան և պետք է լինեն աղքատության մակարդակի կրճատման շատ այլընտրանքներ, բացի ուղիղ նպաստի վճարումից։ Սակայն նպաստի և կենսաթոշակի տրամադրումը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց պետք է լինի հասցեական և ժամանակավոր։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ստանա համապարփակ և ըստ իր կարիքի սոցիալական աջակցություն, բայց միևնույն ժամանակ պետք է գիտակցի, որ դա ժամանակավոր օգնություն է, որի միջոցով ինքը պետք է ինքնուրույն կարողանա ոտքի կանգնել և ստանձել իր իսկ խնդիրների լուծման պատասխանատվությունը։ Պետական աջակցությունը պետք է ուղղվի ճիշտ հասցեատիրոջը, իսկ ծառայությունը հետևի մարդուն:

Համապարփակ սոցիալական աջակցության տրամադրումը հնարավոր է միայն սոցիալական աշխատողի դերի վերահաստատման և հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման պայմաններում։ Այս համատեքստում հարկ եմ համարում ընդգծել ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացման կարևորությունը։ Քանզի ինտեգրված սոցիալական ծառայությունների միջոցով մենք կարող ենք ստեղծել այն միջավայրն ու անհրաժեշտ գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս բացահայտել անձի համար սոցիալական անբավարարվածություն (սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն) առաջացնող գործոններն ու դրանց փոխկապակցվածությունը, պատճառահետևանքային կապերը` գնահատելով անձի կարիքները, ինչպես նաև՝ համալիր միջոցներ ձեռնարկել այդ գործոնների բացասական ազդեցությունը չեզոքացնելու և բավարարելու ուղղությամբ:

Այս ուղղությամբ մենք շատ անելիք ունենք և մեր գործունեությունը պետք է լինի թիրախավորված և Երևանից դուրս։ Մենք պետք է ձեռնամուխ լինենք մարզային շրջաններում և գյուղական բնակավայրերում հաղորդակցության հմտությունների զարգացմանը, քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բաձրացմանն ուղղված գործողությունների մշակմանը, որը ենթադրում է անձնային աճի հզորացում և աշխատաշուկայում մրցունակության ապահովման մեխանիզմների ձևավորում։

Այս համատեքստում մենք արժևորում ենք միջազգային հեղինակավոր կառույցների հետ մեր համագործակցությունը և նրանց պատրաստակամությունը սոցիալական ներառականությանն ուղղված ծրագրերին մասնակից և աջակից լինելու համար։

Սոցիալական պաշտպանության համակարգում աշխատող բոլոր մարդիկ սոցիալական աշխատողներ են։ Անգամ այն դեպքում, երբ նրանք չեն հաղորդակցվում քաղաքացիների հետ, նրանց աշխատանքի նպատակը մեկն է՝ ծառայել քաղաքացու լավագույն շահի բավարարմանը։

Մի քանի օրից նոյեմբերի 4-ն է՝ Հայաստանում սոցիալական աշխատողների մասնագիտական տոնը: Ուզում եմ հիշեցնել, որ ուղիղ 100 տարի առաջ այդ օրը, ստեղծվել է Հանրային խնամատարության նախարարությունը, որի իրավահաջորդն է այսօրվա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: 25 տարի առաջ նորանկախ Հայաստանը հիմնեց նաև սոցիալական ծառայությունների համակարգը:

Այս հոբելյանական տարեդարձերի առիթներով շնորհավորում եմ սոցիալական պաշտպանության համակարգի բոլոր աշխատողներին, մաղթում անկախություն, ինքնուրույնություն և ինքնաբավություն։