Հարգելի գործընկերներ,
Սիրելի սոցիալական աշխատողներ,
2009 թվականից Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Սոցիալական աշխատանքն անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում պարզորոշ են դարձել նրա նպատակներն ու խնդիրները: Այն է՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել, նեցուկ լինել մարդկանց ու ընտանիքներին, ովքեր գտնվում են կյանքի դժվարին իրավիճակում, վստահություն ներշնչել սեփական ուժերի և կարողությունների նկատմամբ՝ հավաստիացնելով, որ հենց իրենք կարող են փոխել իրենց կյանքն ու կենսակերպը:
Սոցիալական աշխատանքը մարտահրավերների և փոփոխությունների ոլորտ է, սոցիալական աշխատողը՝ մարդկային բարձր որակներով ու մասնագիտական հմտություններով օժտված անձ, որի աշխատանքի կենտրոնում ՄԱՐԴՆ է, իսկ նպատակը՝ ՄԱՐԴՈՒ կյանքի որակի բարելավումը: Սոցիալական աշխատանքը լոկ մասնագիտություն չէ, այն կենսաձև է, համբերատարություն պահանջող ամենօրյա աշխատանք:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման և զարգացման գործընթացն առավել որակյալ, կանոնակարգված, հասցեական ու նպատակային դարձնելը: Այս համատեքստում մեծ դեր ունի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն ու կայունությունը, ինչը սոցիալական աշխատանքի և սոցիալական աշխատողի համար պետք է ստեղծի այնպիսի միջավայր, պայմաններ և գործիքակազմ, որոնք հնարավորություն կտան առավելագույնս իրագործել սոցիալական աշխատողի առաքելությունը՝ աջակցել այն քաղաքացիներին, ովքեր իրապես ունեն դրա կարիքը:
Սիրելի սոցիալական աշխատողներ, դուք մեր պետության այն ներկայացուցիչներն եք, ում նկատմամբ վստահությունը ձևավորում է նաև վստահություն մեր պետության, սոցիալական պաշտպանության և վաղվա օրվա նկատմամբ։
Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առիթով և մաղթում հաջողություններ Ձեր պատվաբեր ու դժվարին աշխատանքում: