Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ենթակա ՊՈԱԿ-ների գործունեությունը մշտադիտարկելու նպատակով ստեղծվող հասարակական դիտորդական խմբին անդամակցելու հրավեր

0
1976

Հարգելի գործընկերներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է ոլորտում աշխատող կառույցների ներկայացուցիչներին, ինչպես նաև մտահոգ անհատներին միանալու նախարարության ենթակայության՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող ՊՈԱԿ-ների գործունեության մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվող հասարակական դիտորդական խմբին:

Խմբի գործունեության հիմնական նպատակներն են՝

1) կազմակերպություններում հասարակության կողմից մշտադիտարկումների իրականացումը՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովվածության տեսանկյունից,

2) աջակցության ցուցաբերումը անձանց խախտված իրավունքների վերականգնման և նման խախտումների կանխարգելման գործընթացներին,

3) ոլորտային իրավական ակտերի ուսումնասիրությունը, և ըստ անհրաժեշտության, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին,

4) երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության բնագավառում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակային վերլուծությունների, եզրակացությունների, առաջարկությունների կազմում և ներկայացում  նախարարություն, ինչպես նաև հանրությանը:

Խմբի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, քսանմեկ տարին լրացած ՀՀ քաղաքացին՝ անկախ ազգությունից, հաշմանդամությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ հանգամանքներից:

Խմբի անդամի ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, սոցիալական աշխատողի, հոգեբանի մասնագիտություն և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց, ինչպես նաև այն անձին կամ անձին ներկայացնող  հասարակական կազմակերպությանը, որի գործունեությունը առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և խնդիրներին, մասնավորապես՝ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հիմնահարցերին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018թ. հոկտեմբերի 16-ի N 112-Ա/1 հրամանով հաստատված հավելվածի 30-րդ կետում գրված «առնվազն 22 այցելություն» բառերը կարդալ «առնվազն 2 այցելություն»:

Անդամ դառնալու համար հավակնորդը նախարարություն պետք է ներկայացնի գրավոր դիմում, որին կցվում է նրա անձնագրի պատճենը, ինքնակենսագրությունը, նրան ներկայացնող հասարակական կազմակերպության երաշխավորագիրը, այդ կազմակերպության կանոնադրությունը և գործունեության համառոտ նկարագիրը:

Պահանջվող փաստաթղթերի փաթեթը կարելի է ներկայացնել նաև առցանց։ Հայտատուի ստորագրությամբ դիմումի էլեկտրոնային պատճենը (սքանը) և մյուս փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները կարող եք ուղարկել  info@old.mlsa.am էլեկտրոնային հասցեին։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 12-ն է:

Դիմում ներկայացնելուն զուգընթաց անհրաժեշտ է լրացնել հետևյալ էլեկտրոնային հայտադիմումը (դիմելու ժամկետը լրացել է):

Խմբի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հասարակական դիտորդական խումբ ձևավորելու  և աշխատանքները կազմակերպելու կարգը հաստատելու մասին ԱՍՀ նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի N 112-Ա/1 հրամանի համաձայն։ Փաստաթղթի ամբողջական տարբերակը հասանելի է նախարարության պաշտոնական կայքում։