Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Զարուհի Բաթոյանն ու Արման Ուդումյանն ընդունել են ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արհմիություններին անդամակցելու, կոլեկտիվ բանակցությունների, գործադուլի իրավունքները, ինչպես նաև աշխատող-գործատու հարաբերությունների և աշխատանքի իրավունքի իրացման հետ կապված խնդիրները:
Նախարարի տեղակալ Արման Ուդումյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է մեր երկրում գործող արհմիությունների ստեղծման և գործունեության կարգը, ընդգծելով, որ նրանք անկախ մարմիններ են և իրենց անկախությունը ամրագրված է համապատասխան իրավական ակտերով: Նշել է նաև, որ գործող օրենքը փոփոխվել է և սահմանվել են նոր կարգավորումներ ու դրույթներ:
Նա խոսել է նաև արդեն իսկ կայացած համագործակցության եռակողմ ձևաչափի, այն է՝ ՀՀ կառավարության-գործատուների միության-արհմիությունների կոնֆեդերացիայի հանրապետական եռակողմ հանձնաժողովի մասին: «Կարող եմ փաստել, որ նշված հանձնաժողովում երեք կողմերն էլ հանդես են գալիս հավասար ձայներով ու իրավունքներով: Նիստերի ընթացքում քննարկվում են աշխատողների իրավունքների, աշխատող-գործատու իրավահարաբերությունների հետ կապված խնդիրներն ու մոտեցումները»,- նշել է նախարարի տեղակալը:
Այնուհետև, Արման Ուդումյանն անդրադարձել է Աշխատանքի միջազգային կազմակերպության օժանդակությամբ իրագործվող «Արժանապատիվ աշխատանք» ծրագրին, որի շրջանակում ևս կարևորվում է արհմիությունների բարեփոխումն ու հզորացումը:
Պատվիրակության ղեկավար Կլեմեն Վուլեն իր գործընկերներից հետաքրքրվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության խնդրով, մեկնաբանելով, որ ժողովրդավարության և ներառական հասարակություն ստեղծելու ճանապարհին կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը:
Նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը տեղին համարելով նշված նկատառումը, հավելել է. «Մատչելիությունը ավելի լայն հասկացություն է, քան միայն թեքահարթակ ունենալը: Քաղաքացու իրավունքի պաշտպանության, ազատ կամքի արտահայտման, ինչպես նաև հասարակության մեջ ինտեգրվելու տեսանկյունից մատչելիության խնդիրը դեռ լուծված չէ մեր երկրում: Հավաստիացնում եմ, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները կարգավորող նոր մշակվող օրենքն ու նրանով պայմանավորված օրենսդրական փոփոխությունները ապահովելու են մարդու իրավունքների իրացումը»:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրներին: Պարոն Ուդումյանը նշել է, որ զբաղվածության պետական ծրագրերից երկուսն ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում ակտիվացնելուն՝ գործատուին մասնակի փոխհատուցում տալով, աշխատատեղի հարմարեցմամբ և այլն:
Հանդիպման ավարտին պարոն Վուլեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կատարած այցերի արդյունքում իր դիտարկումները և առաջարկությունները կզետեղվեն զեկույցում, ինչը, ըստ նրա, օգտակար կլինի ոլորտում հետագա աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար: