ՀՀ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 7-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը ներկայացրել է 2019թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը:
«2019թ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվող ընդհանուր բյուջեն կազմելու է 438 մլրդ 817 մլն դրամ, որը 2018 թ. նկատմամբ աճելու է 34 մլրդ 748 մլրդ դրամով: Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից որդեգրած հիմնական քաղաքականությունը միտված է իրականացվող ծրագրերի հասցեականության բարձրացմանը, ծառայությունների մատչելիությանը և, իհարկե, ծախսարդյունավետության բարձրացմանը»,- ասել է նախարարի առաջին տեղակալը, այնուհետև, ըստ ոլորտների, անդրադարձել իրականացվելիք ծրագրերի բովանդակությանը և քաղաքականությանը:
Պետական բյուջեից իրականացվող պետական ծրագրերն այս տարի ավելացել են՝ դառնալով 95 պետական ծրագիր: 2019թ. նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի սահմանում 150 հազար դրամի չափով 2018թ. 50 հազարի փոխարեն: Հաջորդ տարի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, կմնա անփոփոխ, կվերանայվի ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունները: Նվազագույն ամսական աշխատավարձի չափը կպահպանվի նույնությամբ՝ 55 հազար դրամ:
Անապահովության գնահատման համակարգի հետ կապված՝ «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով 2019թ. բյուջեի ծախսային մասը կկազմի 37 մլրդ 744 մլն դրամ, նախորդ տարի կազմել է 39 մլրդ 498 մլն դրամ, այստեղ ծախսերի նվազում է ակնկալվում 1 մլրդ 750 մլն դրամի չափով:
Սոցիալական փաթեթով ապահովելու միջոցառման ծախսը կկազմի 10 մլրդ 619 մլն դրամ, այն նույնությամբ պահպանվել է նախորդ տարվա համեմատ:
Կենսաթոշակային ապահովության մասով նախատեսվում է 222 մլրդ 863 մլն դրամի հատկացում, նախորդ տարվա համեմատ ծախսերի աճը կազմել է 12 մլրդ 393 մլն դրամ:
Կուտակային կենսաթոշակային համակարգի հատկացումներին, նախարարի տեղակալն ասել է, որ ծախսը նախատեսվում է 56 մլրդ 779 մլն դրամ, աճը 14 մլրդ 146 մլն է, ինչը, նրա խոսքով, պայմանավորված է շահառուների թվաքանակի աճով, ինչպես նաև մասնահանումների պետական մասնակցության 7,5-2,5 համամասնության տրամադրմամբ:
Ավանդների փոխհատուցման սահմանաչափի տրամադրվող գումարները կպահպանվեն նույնությամբ, 2018թ. տրամադրված գումարը եղել է 1 մլրդ 200 մլն դրամ, և փոխհատուցում կստանա մինչև 1933 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները: